Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել․ «Ժողովուրդ»

 Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության օրը՝ հոկտեմբերի 27-ին, նրան գահընկեց անել: Գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը։ 


«Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ ռեպրեսիաները «մատուցում» են իբրեւ «եկեղեցու վերափոխման անհրաժեշտություն», ու նպատակ են դրել մինչեւ հոկտեմբերի 27-ը վճռական քայլեր ձեռնարկել եկեղեցու ներքին կառավարման ուղղությամբ։


Հիշեցնենք՝ հենց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին է Ամենայն հայոց կաթողիկոսը գահակալել, եւ ՔՊ-ն 26 տարի անց որոշել է կաթողիկոսական ընտրությունների արդյունքները վիճարկել` հարձակվելով եկեղեցու վրա:


Մինչ այդ, իրավապահները կշարունակեն ճնշումները հոգեւորականների նկատմամբ, հատկապես նրանց, որոնք Կաթողիկոսին ազգական են կամ շրջապատին մոտ, ինչպես եղավ Արագածոտնի թեմի առաջնորդ, կաթողիկոսի քեռորդի Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի երկամսյա կալանքի դեպքում:


Եկեղեցի էլ կներխուժեն՝ առանց վարանելու: Իշխանական ներկայացուցիչների մեկնաբանությամբ, «հոգեւորականներն էլ են քաղաքացիներ, եւ եթե որեւէ մեկը օրենք է խախտում, պետք է պատասխան տա»։


Առաջիկայում վարչապետը նախատեսում է մասնակցել Հովհաննավանքի պատարագին, որը կազմակերպել է 17 հոգեւորականների ձերբակալման պատճառ դարձած, ՔՊ-ի կողմից հովանավորվող Տեր Արամ քահանան: Այնտեղ Նիկոլ Փաշինյանը կտա իր ծրագրի հաղթական մեկնարկը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գահակալության օրը նրան գահընկեց անելու պլանավորմամբ»,- գրում է օրաթերթը։

Քաղաքականություն

Պատահարներ