
7-8 ժամ իր հետ քննչական որևէ գործողություն չեն իրականացրել․ Տեր Փառեն քահանա Առաքելյան

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը դուրս է եկել Քննչական կոմիտեից: Լրագրողներին հոգևորականն ասել է, որ անցած 7-8 ժամերի ընթացքում իր հետ քննչական որևէ գործողություն չեն իրականացրել և ազատ են արձակել:
Տեր Փառենը նշել է, որ իր տեղեկություններով՝ վկայի կարգավիճակ ունի:
Հիշեցնենք՝ վաղ առավոտից իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանում:
Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությանը: Քահանան ասել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով: Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն:
Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ բացահայտվել են հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքեր: