ՆԳՆ-ն՝ Նուբարաշենի աղբավայրում անցկացվող հրդեհաշիջման աշխատանքների մասին

Հրշեջ-փրկարարները Նուբարաշենի աղբավայրում շարունակում են իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ.


Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ, շարունակում են ինտենսիվ հրդեհաշիջման գործողությունները Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 2 հա տարածքում։


Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՆԳՆ փրկարարական ծառայողները արդյունավետ համագործակցում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:


Օրվա ընթացքում օգտագործվել է շուրջ 374 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 300 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ Բաց կրակ չկա, կան ծխացող օջախներ, իսկ ծխի ծավալը նվազել է:


Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 10 մարտական հաշվարկ և 3 օպերատիվ խումբ․ ընդհանուր 77 փրկարար ծառայողներ, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի վերաբերյալ։


Օպերատիվ արձագանքման արդյունքում արդեն առաջին ժամերին հրշեջ-փրկարարներին հաջողվել է սահմանափակել կրակի տարածումը՝ մոտ 2 հա մակերեսով կենցաղային աղբի այրման գոտում:


Առաջին օրերին ներգրավվել են 6 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ և 29 փրկարարական ծառայող, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի 11 բեռնատար, 2 ջրատար և 5 ինժեներական տեխնիկա։ Հրդեհի վայր է տեղափոխվել 55 բեռնատար հող և մղվել շուրջ 50 տոննա ջուր։


Հրդեհաշիջման աշխատանքներն այս պահին, նույն ինտենսիվությամբ շարունակվում են:

Քաղաքականություն

Պատահարներ