
Դիմակ կրելը պարտադրող նախարարը առանց դիմակ մասնակցել է միջոցառման․ ArmDaily

Տելեբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Գեորգի Չալտիկյանը ֆեյբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Գրում է ArmDaily-ն։
Չալտիկյանը լուսանկարին կից անգլերենով գրել է, որ նախարար Ավանեսյանի և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերի հետ մասնակցել է Երևանի արյունաբանական ազգային կենտրոնում հեմոֆիլիայի նոր բաժանմունքի բացմանը։

Առաջին հայացքից ոչ մի արտառոց բան չկա հրապարակման մեջ, գրում է լրատվականը, սակայն կառավարության նիստերին, պաշտոնական հանդիպումների ժամանակ դիմակ կրող նախարարը, և ոչ միայն նախարարը, առանց դիմակ է, պահպանված չէ սոցիալական հեռավորությունը։ Նշենք, որ դիմակի կրումը պարտադիր է փակ տարածքներում, ընդ որում՝ ամենեւին էլ էական չէ պատվաստված ես, թե ոչ։ Սա հենց Անահիտ Ավանեսյանի որոշումն է, որը փաթաթել է հասարակության վզին, բայց ինքն էլ չի կատարում։ Կամ էլ գուցե միջոցառման ժամանակ ոչ ոք չի հազացել, որպեսզի Ավանեսյանը հիշեր այդ փոքրիկ ատրիբուտի մասին, նախազգուշանար և պահպաներ հակահամաճարակային կանոնները, ինչպես հորդորում էր նախարարության գովազդը՝ հազալ այն դեպքում, երբ կանոնները չեն պահպանվում։