Գործող իշխանությունները 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում չեն վերընտրվի․ Քոչարյան

Գործող իշխանությունները 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում չեն վերընտրվի։ Այս մասին ասուլիսին ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այդ կարծիքն ունի Քոչարյանը  սոցիոլոգիական հարցումների արդյունքներից ելնելով։


«Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգում է զրոյի»,- ասել է նա՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք քաղաքականությունից կհեռանա, եթե Փաշինյանը վերընտրվի։


Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ Փաշինյանն ընտրությունների է գնալու խաղաղության թեզով, իսկ խաղաղություն, ըստ էության, չկա։


«Ինչո՞վ պիտի գնա, ժողովրդավարությունի՞ց ինքը պետք է խոսի, որ երկու սրբազան է բանտարկում, ինչպես նաև Սամվել Կարապետյանին և տարբեր համայնքապետների»,- նշեց Քոչարյանը։


Դիտարկմանը, որ իշխանությունները ներկայիս ընդդիմությանը «գանձ են» համարում, որը կերաշխավորի իրենց վերընտրվելը, Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց. «Սոցիալական արդարություն չկա, քանի որ աղքատության մակարդակին նայենք՝ 24 տոկոսով ընդունել է, հիմա էլ 24 տոկոսի վրա է։ Կոռուպցիայի մասին էլ չեմ խոսում։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարողը գլխավորեց կոռուպցիան։ Հայաստանի պատմության մեջ ԱՆԻՖ-ի պես 65 մլն դոլարի փոշիացում չի եղել։ Ընդդիմությունն էլ կարող է ասել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գանձ է, որովհետև ասելիք չունի իշխանությունը»։


Միևնույն ժամանակ Քոչարյանը հորդորեց «գանձ» ձևակերպումը իրեն չվերագրել։

Քաղաքականություն

Պատահարներ