Իրանի հարավում 283 մլրդ խմ ծավալով գազի հանքավայր է հայտնաբերվել

Իրանի հարավային Ֆարս նահանգի Փազան հանքավայրի շրջանում հայտնաբերվել են 283 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի խոշոր հանքավայրեր: Այս մասին հայտարարել է երկրի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադը։


«Առաջիկա տարիներին այդ հանքավայրը, որի պաշարները կազմում են 10 տրիլիոն խորանարդ ֆուտ գազ, կարող է կարևոր դեր խաղալ երկրի էներգետիկ անհավասարակշռության վերականգնման գործում», - նշել է պաշտոնյան:


Նախարարի խոսքով՝ Պարսից ծոցի ափին գտնվող Բուշեր նահանգի Ջամ քաղաքից 21 կմ հեռավորության վրա գտնվող այս հանքավայրի երկրորդ հորատանցքում երկրաբանահետախուզական աշխատանքները վերսկսվել էին 8 տարվա դադարից հետո: Նա նշել է, որ Փազան հանքավայրից հնարավոր կլինի գազ արդյունահանել մոտ 3,5 տարի հետո։


Պակնեժադը նաև ընդգծել է` հանքավայրի առանձնահատկությունն այն է, որ երկրաբանահետախուզության մասնագետներն առաջին անգամ դուրս են եկել առնվազն 200 մլն բարել հում նավթ պարունակող հորիզոնական շերտ: Ընդ որում` կա ավելի մեծ ծավալներ հայտնաբերելու հնարավորություն։

Քաղաքականություն

Պատահարներ