 
                                        
                                        
                                        
                                    Առգրավվել են Թբիլիսիում հարձակման համար նախատեսված մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր
 
                                        
                                        
                                        
                                    Վրաստանում առգրավվել են հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում հարձակման համար նախատեսված մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր, հայտնում են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից:
«Օպերատիվ տեղեկատվության հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր՝ դետոնատորներով»,-նշված է գերատեսչության հայտարարության մեջ։
ՊԱԾ-ի տվյալներով, գործի նյութերի համաձայն, Ուկրաինայում գործող զինված ստորաբաժանումներից մեկի վրացի ներկայացուցչի հանձնարարությամբ, ինչը հաստատվում է բազմաթիվ ապացույցներով, Վրաստանի քաղաքացի Բ.Չ.-ն ձեռք է բերել մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր։
«Առկա օպերատիվ տեղեկատվության համաձայն, նշված ռազմամթերքը նախատեսված էր օգտագործել կազմակերպված խմբային բռնությանը և հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական պալատի գրավման փորձին զուգահեռ դիվերսիոն գործողությունների համար։ Պետական անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հաջողվել է վնասազերծել այն անձանց խմբին, որոնք պետք է տեղափոխեին նշված ռազմամթերքն ու պայթուցիկ նյութերը Թբիլիսիի կենտրոն»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտնաբերված հրազենը, ռազմամթերքն ու պայթուցիկ նյութերը թաքցված են եղել Թբիլիսիի մոտակայքում գտնվող անտառում՝ հատուկ թաքստոցում։ Բացի այդ, պարզվել է այն անձի ինքնությունը, որը Բ.Չ.-ի հանձնարարությամբ պատրաստել է դետոնատորի հեռակառավարման վահանակը։ Վերջինս արդեն տեղափոխվել է ՊԱԾ, և նրա նկատմամբ ընթանում են քննչական գործողություններ։
ՊԱԾ-ի տվյալներով, Բ.Չ.-ն կպատասխանի նշված հանցագործության համար որպես մեղադրյալ և կհայտարարվի հետախուզման մեջ։
 
                        






























 
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                            