Դիմելու ենք Եվրոպական դատարան․ Միքայել Սրբազանի փաստաբան

«Մեզ համար կանխատատեսելի էր այս պատժաչափը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատապաշտպան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Սրբազանի 2 տարով ազատազրկելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի հնչեցրած դատավճռին։


Փաստաբանն ընդգծել է՝ «Սա պատվիրված ակտ էր, քաղաքական հետապնդում»։


Արա Զոհրաբյանն ուշադրություն է հրավիրել նաև մեկ այլ հանգամանքի վրա․


«Միքայել Սրբազանին մեղադրում էին Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարաք կատարելու համար։ Դատավճիռը կարդալիս դատավորը նրան մեղադրեց 442-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար՝ լրիվ ուրիշ հոդված, որը լրիվ ուրիշ բանի մասին է, վերաբերում է պաշտոնատար անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն, այսինքն, դատարանը ուրիշ հոդվածի մասին խոսեց։ Եթե դա դատավորի հուզված լինելու հետևանքով էր, ապա այդ հուզմունքը մարդու ճակատագրերի վրա է ազդում»։


Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատապաշտպանը հայտարարել է նաև՝ դատարանի վճիռը բողոքարկելու են․


«Միքայել Սրբազանը չի կատարել ո՛չ 422-րդ, ո՛չ 442-րդ հոդվածներով նախատեսված արարքներ։ Միքայել Սրբազանը իշխանություն զավթելու, սահմանադրական կարգը տապալելու կոչեր չի հչեցրել, իր կարծիքն է արտահայտել։ Վերաքննիչ դատարան ենք դիմելու։ Արդեն ստացել ենք Վճռաբեկ դատարանի ոոշումը, որով մեր բողոքը, առաջին կալանքի հետ կապված, վարույթ չի ընդունվել։ Երկրորդ կալանքի մասով միջազգային ատյան եք դիմելու՝ Եվրոպական դատարան։ Արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ընդգծել է Զոհրաբյանը։

Քաղաքականություն