
Պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամները զեկույցին չեն ծանոթացել. Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. «Ժողովուրդ»

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խախտել է Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջները. պատերազմի հանգամանքները ուսումնասիրող 210 էջանոց զեկույցը նա չի տրամադրել հանձնաժողովի անդամներին, ինչի հետևանքով նրանք զրկվել են Կանոնակարգով ամրագրված՝ հատուկ կարծիք ներկայացնելու իրավունքից։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
ԱԺ Կանոնակարգի Հոդված 25-ը («Քննիչ հանձնաժողովի զեկույցը») հստակ սահմանում է.
«1. Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:
2. Եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում զեկույցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով հատուկ կարծիքը»:
Սակայն թերթի հետ զրույցում հանձնաժողովի անդամներից Հայկ Սարգսյանը, Քրիստինե Պողոսյանը, նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հաստատել են, որ զեկույցը երբեք չեն տեսել։
Այսպիսով՝ Անդրանիկ Քոչարյանը փաստացի խախտել է Կանոնակարգի պահանջները. զեկույցը պահվել է գաղտնի ոչ միայն հանրությունից, այլև հանձնաժողովի անդամներից։
Ժամկետների խախտում
Հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարի 10-ին։ Լիազորությունները երկարաձգվել էին երկու անգամ՝ 2022թ. հոկտեմբերի 5-ին և 2023թ. մայիսի 3-ին։ Սակայն հենց այդ օրը՝ 2023 թվականի մայիսի 3-ին, լրացել էր հանձնաժողովի վերջնական ժամկետը։
ԱԺ Կանոնակարգի Հոդված 26-ը («Ժամանակավոր հանձնաժողովների գործունեության դադարեցում») սահմանում է.
«1. «Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են՝
1. Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից,
2. հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը»:
Այս դրույթների համաձայն՝ հանձնաժողովի գործունեությունը դադարել է դեռ 2023 թվականի մայիսի 3-ին, և դրանից հետո ներկայացված ցանկացած փաստաթուղթ իրավական ուժ չունի։
Այսպիսով, փաստ է, որ պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովը ոչ միայն չի կատարել իր հիմնական առաքելությունը սահմանված ժամկետներում, այլև խախտել է ԱԺ կանոնակարգի հստակ դրույթները։ Անդրանիկ Քոչարյանի պահվածքը վերածվել է ոչ թե հաշվետվության, այլ գաղտնի փաստաթուղթ պահելու փորձի, ինչը խորհրդարանական վերահսկողության մեխանիզմին տալիս է կեղծ բնույթ։ Նա հիմա փորձում է անգամ շանտաժով հասնել ԱԺ-ում դրա ներկայացմանը, բայց իրավունք չունի, քանի որ խախտել է ԱԺ կանոնակարգը, սակայն փորձում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցնել տեղեկություններ, թե իր համար նախընտրական կարևորագույն զենքը՝ հանձնաժողովի զեկույցը, Ալեն Սմոնյանն արգելում է հրապարակել: Բայց այստեղ էլ Անդրանիկ Քոչարյանը ազնիվ չէ, քանի որ զեկույցը քննարկվելու է դռնփակ նիստում, որովհետև պարունակում է գաղտնիքներ, և հանրությունն այդպես էլ անտեղյակ կմնա բոլոր դեպքերում»։