
Երեք նախագահները թոկ են եղել Հայաստան պետության կայացումը թույլ չտալու համար. վարչապետ

Երբ 2022-ին հասկացանք, որ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները մեր նկատմամբ չի կատարել, չի կատարում և չի կատարելու, այդ պահին մենք անկախացանք, որովհետև հասկացանք, որ հույսներս մենք մեզ վրա պիտի դնենք, և հասկացանք, որ անվտանգության այն համակարգը, որ դուք (դիմում է ընդդիմադիրներին-խմբ.) իբր կառուցել էիք, որ մենք անվտանգության համակարգ ունենք, դա փուչիկ էր, ոչ մի բան էր, ընդամենը գործիք էր մեր պետության կայացումը թույլ չտալու համար: Այդ մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հիշեցրեց՝ այս մասին դեռ 2021-ին է խոսել. «Ասել եմ՝ ինչքան էլ դառը լինի, պիտի առերեսվենք, որ Ղարաբաղի հարցը մի շարք երկրների կողմից օգտագործվել է որպես թոկ Հայաստանի շարժը և զարգացումը թույլ չտալու համար: Դուք էլ եղել եք այդ թոկի թելերը, ավելի պարզ ի՞նչ է պետք,- ասաց նա և հավելեց.- Դուք այդ թոկի պարաններն եք ձեր նախկին երեք՝ այլևս բացահայտված, այսպես կոչված «նախագահների» հետ: Իրենք հո պետությունն առաջնորդելու համա՞ր չեն եղել: Իրենք եղել են այն բանի համար, որ պետություն չլինի, և իրենց ժամանակ պետություն չի եղել, իրենք թոկ են եղել Հայաստան պետության կայացումը թույլ չտալու համար»:
Փաշինյանն առաջարկեց լսումներ հրավիրել, որի ժամանակ ընդդիմադիրների բոլոր հարցերին կպատասխանի, եթե իր ասածները վիճարկում են նախագահները, նրանց առաջարկում է գալ, ուղիղ եթերում խոսել այդ մասին:
«Գալիս եմ, ինձ հրավիրեք ուղիղ եթեր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից թող ներկա մարդ չլինի: Դուք հարցաքննեք ինձ, տվեք ինձ բոլոր հարցերը»,- ասաց նա՝ խոսքն ուղղելով ընդդիմադիրներին: