Եկեք գնանք իրականացնենք մեր պայմանավորվածը. Փաշինյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Մենք ունենք ստորագրած ու նախաստորագրած փաստաթղթեր, և երբ հնչում են արտահայտություններ, որոնք չկան այդ թղթերի մեջ, օրինակ, «Զանգեզուրի միջանցք», մեզ համար հարց է ծագում՝ որտեղի՞ց այդ արտահայտությունը։ Այս մասին, այսօր  ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Երբևէ որեւէ տեղում մենք ունե՞նք ընդունած թուղթ, որտեղ նման արտահայտություն կա։ Չկա նման բան։ Ես պարզ հարց տվեցի և ասացի, որ արժի, որ պարզաբանում հնչի, թե էդ որտեղի՞ մասին է դա։ Եթե Ադրբեջանում այդ կերպ անվանում են, օրինակ, Հորադիզ-Զանգելան ճանապարհը, մենք այդտեղ պետք է մեզ հարց տանք՝ դա մեզ հուզո՞ւմ է, թե՞ չի հուզում։ Հայաստանի պարագայում անուններ որոշողը Հայաստանն է, Ադրբեջանի պարագայում՝ Ադրբեջանը։ Դա արձանագրված է նաև այս թղթում, որովհետեւ մենք միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչել ենք։ Օգոստոսի 8–ից հետո, ենթադրվում է, որ մենք այլ կերպ պետք է մոտենանք հարցերին, այլ կերպ դիտարկենք։


Ակնհայտ է, որ այդ արտահայտությունը նյարդ է առաջացնում մեր հանրության շրջանում։ Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դա օգտագործվում, որ էդ նյարդը առաջանա՞։ Ես ասում եմ՝ Հայաստանի տարածքի վերաբերյալ չեն կարող լինել այլ բնորոշումներ և իմ ասածը լեգիտիմ է»,-ասաց Փաշինյանը։


Խոսելով ապաշրջափակման թեմային, նա ընդգծեց, որ օր առաջ դրանք պետք է բացվեն. «Հիմա մենք կարող ենք սկսել գազամուղների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների նախագծերի նախագծումն ու կառուցում։ Մենք հիմա երկաթուղու նախագծումը պետք է սկսենք և տեսնենք՝ էլ ինչ ենթակառուցվածքներ կան, որ մենք պետք է վերաբացենք։


Ինչո՞ւ ենք բառերի շուրջ վեճ ստեղծում, եկեք գնանք, գետնի վրա իրականացնենք այն, ինչ պայմանավորվել ենք։ Մենք րոպե առաջ դա անելու ենք»,-ասաց նա։

Քաղաքականություն