Դուք ման եք գալիս վիշտ և ցավ, որ գաք քաղաքական միավորներ հավաքեք. Արթուր Հովհաննիսյանը` ընդդիմությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, խորհրդարանում իր ելույթում անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, հայտարարել է՝ ընդդիմության ներկայացրած նախագծին բովանդակային իմաստով այլևս կարիք չի տեսնում անդրադառնալու, քանի որ գործընկերներն արդեն ասել են՝ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա:


Նրա խոսքով՝ ինքը ցանկանում է խոսել նպատակների մասին, թե ինչ է ուզում դրանով անել ընդդիմությունը:


«Ըստ էության, ընդդիմությունը իր հերթական կեղծ օրակարգն է բերել և փորձում է օրակարգեր գեներացնել, որովհետև ընդդիմությունը, որը ոչնչացած է, մասնավորապես օգոստոսի 8-ին կնքված շրջադարձային փաստաթղթերից հետո, անընդհատ օրակարգեր, թեմաներ է փնտրում իր քաղաքական գոյությունը մինչև այս գումարման վերջ պահպանելու համար:


Եվ սա այդ հերթական դեպքերից մեկն է, ոնց որ մի քանի օր առաջ այս դահլիճում լսումներ էին, դրանք էլ հերթական կեղծ, ֆեյք օրակարգն էին, ոչնչի մասին օրակարգ էին, ինչի մասին մեր հանրությունը նայելով հասկացավ՝ ինչ խայտառակություն էր այստեղ կատարվում»,- հայտարարել է պատգամավորը:


Նրա խոսքով՝ դարձյալ կեղծ օրակարգ է բերվել առ այն, թե Հայոց ցեղասպանությունը փորձում են մերժել:


«Արտահայտություն հնչեց, թե տեղի է ունենում ցեղասպանության դեմ տոտալ քարոզչություն: Սա խայտառակություն է ուղղակի, որովհետև ամբողջությամբ այս թեզը կեղծ է, և այն դիտարկումը, որ մենք պետք է նայենք ինքներս մեզ և հասկանանք, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել պատմական տարբեր ժամանակաշրջաններում, դա պատմական իրողության հերքման մասին չէ, այլ ինքնահայեցման: Առաջին հերթին այն մասին է, որ մենք նայենք և տեսնենք, թե պատմական տարբեր ժամանակաշրջաններում ինչեր են մեզ հետ տեղի ունեցել, որ այլևս տեղի չունենան, և մենք կարողանանք կանխել մեր ժողովրդի հետ տեղի ունեցած նման ողբերգությունները»,- ասել է Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը մեղադրելով մարդկանց հույզերի հետ խաղալու համար:


«Ինչպես խաղում եք 44-օրյա պատերազմի զոհերի, վիրավորում ստացած, հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց և նրանց հարազատների վշտի հետ, ինչպես խաղում էիք վերջերս Փարաքարում տեղի ունեցած դեպքերի հետ կապված այդ շրջանակի մարդկանց վշտի հետ, դուք ման եք գալիս վիշտ և ցավ, որ գաք դրա վրա քաղաքական միավորներ հավաքեք»,- ընդգծել է պատգամավորը՝ կոչ անելով ընդդիմությանը դադարեցնել կեղծ օրակարգեր գեներացնելը:

Քաղաքականություն