
Թրամփը՝ TikTok-ը ԱՄՆ բիզնեսի վերահսկողության տակ անցնելու գործարքի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 25-ին գործադիր հրամանագիր է ստորագրել գործարքը հաստատելու մասին, որի համաձայն TikTok-ի աշխատանքն ԱՄՆ-ում կանցնի ամերիկյան բիզնեսի վերահսկողության տակ: Փաստաթուղթը հրապարակվել Է Սպիտակ տան կայքում։
Հրամանագրում նշված է, որ «TikTok-ը Միացյալ Նահանգներում կկառավարվի Միացյալ Նահանգներում գործող նոր համատեղ ձեռնարկություն» ընկերության կողմից»։ Ընդգծվում է նաև, որ նոր կառույցում «ամենամեծ մասնաբաժինն ու վերահսկողությունը» կունենան ԱՄՆ քաղաքացիները:
Չինական ByteDance ընկերությունը դրանում «20%-ից պակաս» մասնաբաժին կստանա, իսկ «մնացած մասը պատկանելու է որոշակի ներդրողների»։
Օվալաձև աշխատասենյակում գործադիր հրամանագիրը ստորագրելուց հետո Թրամփը նշել է, որ նախկինում գործարքը քննարկել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Նա մեզ տվել է իր հավանությունը»,-ասել է ամերիկացի առաջնորդը։
Նրա խոսքով՝ սոցիալական ցանցը Միացյալ Նահանգներում կկառավարեն «ամերիկացի ներդրողները, ամերիկյան ընկերությունները»։
Թրամփն ընդգծել է․ «Գործարքի պայմանները, իմ կարծիքով, շատ օգտակար են մեր երկրի համար»։