
Դատաիրավական համակարգն ամբողջությամբ կախվածության մեջ է քաղաքական իշխանության կամքից. Մայր Աթոռ

Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ակնհայտ շինծու մեղադրանքներով մեղավոր ճանաչելու դատարանի այսօրվա վերդիկտը լրջագույն հարված հասցրեց Հայաստանում արդարադատությանը և արդարադատության մարմինների հեղինակությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։
«Երկրում շարունակ սերմանվող ատելության և բռնաճնշումների պայմաններում կայացված ամոթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգն ամբողջությամբ կախվածության մեջ է քաղաքական իշխանության կամքից։
Ցավալի է արձանագրել, որ հայրենի մեր երկրում արդարադատությունն ընտրողական է և կամայական որոշումներով անթաքույց ծառայեցվում է քաղաքական քինախնդրությանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ապօրինի այս գործընթացը և օրենքով սահմանված բոլոր հնարավորություններն օգտագործելու է՝ հասնելու Միքայել արքեպիսկոպոսի հանդեպ արդարության վերականգնմանը:
Աղոթում ենք, որ Տերը զորացնի, ամուր ու անկոտրում պահի Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ազգային մեծանուն բարերար տիար Սամվել Կարապետյանին և ազատությունից ապօրինաբար զրկված բոլոր անձանց։ «Արդար է Տերը, արդարություն է սիրում, ճշմարտությանն է նայում երեսը Նրա» (Սաղմ.10․8)»,–նշված է հայտարարության մեջ։