Միքայել Սրբազանի հրապարակային կեցվածքը խիստ վախեցնում է իշխանությանը. պաշտպան

Ես լավատեսությունը չեմ կիսում, թե փաստաբանների խոսքը կարող է դրական ազդեցություն ունենալ դատարանի վրա։ Այս մասին, այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։


«Կարծում եմ, որ դատավորի վրա որևէ բան ազդեցություն չի ունենում, դուք էլ տեսնում եք, որ դատավորը ընդհանրապես ելույթները լսելիս, նույնիսկ չի նայում ելույթ ունեցողների վրա, նայում է անհաղորդ մի ինչ-որ կետի։ Այնպես որ իր ժեստիկուլացիան էլ խոսում է դրա մասին։ Մենք այդ լավատեսությունը չունենք։


Մեր կարծիքով, մեր կարծիքով, ինքը գիտի՝ ինչ է անելու և իր այդ անելիքը արդար վերդիկտի հետ կապ չունի»,–ասել է նա։


Պաշտպանը տեսակետ է հայտնել, որ Միքայել Սրբազանի հրապարակային կեցվածքը խիստ վախեցնում է իշխանությանը. «Բնականաբար, նրան մեկուսացնելը, կարծում եմ՝ հենց այդ նպատակն է հետապնդում, երևի վերացնում են այն խոչընդոտները, որոնք իրենց կարող են խանգարել ընտրությունների համար։ Ես ինքս այդ կարծիքին եմ»։


Ինչ վերաբերում է նրան, որ Միքայել Սրբազանը հայտարարել է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, Զոհրաբյանն արձագանքեց. «Միգուցե չեն հավատում կամ միգուցե իրենց ապահովության համար փորձում են այդպես անել, որովհետև այլ բացատրություն չկա։ Այն, որ սա քաղաքական թելադրանքով է, դա փաստ է»։