Այս ճանապարհը կարող է պատրվակ դառնալ տարածաշրջանում ամերիկյան ուժերի ներկայության համար. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին: Հայտնել է . «Կա մեկ այլ մտահոգություն, որ այս ճանապարհը կարող է պատրվակ դառնալ տարածաշրջանում ամերիկյան ուժերի ներկայության համար»:


Ըստ նրա, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն իրենց երկրի պաշտոնյաների հետ հանդիպմանը վստահեցրել են, որ հարգում են Իրանի կարմիր գծերը. «Նրանք վստահեցրել են, որ այս ճանապարհի պատճառով Հայաստանում ամերիկյան ուժեր չեն լինի, նույնիսկ՝ ամերիկյան մասնավոր անվտանգության ընկերություններ, որոնք, ինչպես գիտեք, ներկա են տարածաշրջանի որոշ երկրներում, այս ճանապարհի պատրվակով Հայաստանում ներկայություն չեն ունենա»,- ասել է նա։


Ըստ նրա, այդ հարցերը կքննարկվեն Իրանի նախագահի՝ Հայաստան այցի ժամանակ. «Մենք կրկին կբարձրաձայնենք մեր մտահոգությունները, որոնք հայ ընկերներին հայտնի են: Սա կլինի մեր քննարկման առարկան»։


«Մեր քաղաքականությունը ձևավորվել է 3+3 ձևաչափի շրջանակներում, այսինքն՝ Կովկասի տարածաշրջանի երեք երկիր՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, գումարած երեք հարևան երկիր՝ Իրան, Թուրքիա և Ռուսաստան, որոնք ունեն շահեր և ընդհանուր մտահոգություններ տարածաշրջանում:


3+3 ձևաչափով արդեն 2-3 հանդիպում է տեղի ունեցել: Չնայած՝ Վրաստանը Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով չի մասնակցում, այս ձևաչափն այնքան կարևոր է տարածաշրջանի երկրների համար, որ նույնիսկ Վրաստանի բացակայության դեպքում որոշվել է շարունակել հանդիպումները՝ պահպանելով «3+3» անվանումը:


Այս ձևաչափը դեռևս չի հասել այն կետին, որ լուծի տարածաշրջանի խնդիրները, սակայն մեր քաղաքականությունն այն է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից: Ռուսաստանի և, կարծում եմ, Թուրքիայի ու մյուս ընկերների քաղաքականությունն էլ նույնն է»,- ասել է Արաղչին:


Նա պնդել է, որ տարածաշրջանի երկրներն աջակցում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը։

Քաղաքականություն