Երբ գործ ունես իրավական աբսուրդի հետ, բախվում ես մի անհասկանալի իրականության. Վարդևանյան

Այսքան թափանցիկ ֆեյսբուքյան արդարադատություն քաղաքական բաղադրիչով երբեւէ նման երկրորդ դեպք չկա։ Այս մասին քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանի բակում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը։


Նրա խոսքով, քննիչը ներկայացրել է միջնորդությունը, պաշտպանական շուրջ 2 ժամ հարցեր է տվել քննիչին։


«Երբ գործ ունես իրավական աբսուրդի հետ, բախվում ես մի անհասկանալի իրականության։


Այսօրվա միջնորդությունը որեւէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ, քննիչը դատարան է եկել ոչ մի հիմքով։ Սամվել Կարապետյանի խոսքի մեջ հանցակազմ չկա»,- ասաց փաստաբանը։


Արամ Վարդևանյանը չբացառեց, որ որպես ծայրահեղ միջոց կարող են դիտարկել այլընտրանքային խափանման միջոցի միջնորդություն ներկայացնելը, այդ թվում տնային կալանքի.


«Եթե Քըրք Քըրքորյանը ողջ լիներ՝ իր նկատմամբ էլ էին փողերի լվացման մի քրեական վարույթ նախաձեռնել»։ Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով:


Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է: Կարապետյանը, հիշեցնենք, կալանավորվել է Հայ առաքելական եկեղեցուն սատարող հայտարարություն անելու համար:


Նա անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, NEWS.am-ին տված հարցազրույցում ասել էր.


«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։


Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:

Քաղաքականություն