Իսրայելը կանոնավոր սպառնում է մեզ, նրանք փորձում են մասնատել մեր երկիրը. Սիրիայի ԱԳՆ

Դամասկոսը երկու հիմնական խնդրի է բախվում: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ աշ Շիբանին:


«Մենք բախվում ենք մարտահրավերների, որոնցից գլխավորը Իսրայելի կանոնավոր սպառնալիքներն են և այլ պետությունների միջամտությունը, որոնք փորձում են մասնատել մեր երկիրը»,-ասել է աշ Շիբանին Անկարա կատարած պաշտոնական այցի ընթացքում իր թուրք գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:


Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ աշ Շիբանին հայտարարել է, որ Սուվեյդայի իրադարձությունների հետևում կանգնած է Իսրայելը, որը փորձում է դրուզներին օգտագործել Սիրիայում միջկրոնական հակամարտություն հրահրելու համար:


Սիրիացի նախարարը հավելել է, որ թուրքական կողմի հետ բանակցությունների ընթացքում արծարծվել են մի շարք տարածաշրջանային հարցեր, քաղաքական գործընթացի ամրապնդման ուղիներն ու տնտեսական գործընկերության հեռանկարները և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում անվտանգության և ռազմական համագործակցության համակարգումը:

Քաղաքականություն