Հասմիկ Հակոբյանը՝ հայ-ադրբեջանական հռչակագրի գործընթացի վերաբերյալ

Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրված հռչակագրում կա մի կետ, որով և՛ Երևանը, և՛ Բաքուն հաստատում են երկկողմ հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները պատրաստ են հարթակներ տրամադրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների համար՝ երկու հասարակությունների միջև երկխոսություն հաստատելու նպատակով։


Նրա խոսքով, խոսքը վերաբերում է ինչպես տնտեսական, այնպես էլ հասարակական, մարզական և մշակութային հարաբերություններին։ «Մենք պետք է ինչ-որ բանից սկսենք։ Արդյո՞ք դա հեշտ կլինի։ Ո՛չ։ Բայց մենք պարտավորված ենք պատրաստել մեր հասարակությունները։ Այո, թեկուզ ոչ այսօր։ Թեկուզ մի քանի տարի անց։ Բայց դա արվում է, որպեսզի մեր երեխաները և թոռները խաղաղություն ունենան։ Մենք հիմա դրա համար անհրաժեշտ հող ենք ստեղծում», - ասել է Հակոբյանը։


«Մենք համոզվեցինք մեր քայլերի ճիշտ լինելու մեջ։ Մեզ չեն կանգնեցնի մեր թիկունքից հնչող ինչ-որ բացականչություններ։ Գլխավորը, որ մենք իրական խաղաղություն ունենանք։ Դրան պետք է դանդաղ մոտենալ», - ընդգծել է խորհրդարանականը։


Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ստորագրվել է 7 կետից բաղկացած հռչակագիր, սակայն խաղաղության համաձայնագրի նախագիծ դեռևս չի ստորագրվել։

Քաղաքականություն