Ուկրաինան պետք է լինի բանակցային սեղանի շուրջ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ուկրաինան պետք է իրավունք ունենա ինքնուրույն որոշելու իր ապագան՝ Ռուսաստանի հետ հակամարտության դադարեցման հնարավոր համաձայնագրի շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ABC News-ին տված հարցազրույցում:


«Մեզ անհրաժեշտ է Ուկրաինան բանակցությունների սեղանի շուրջ: Սա կվերաբերի տարածքներին: Սա նաև կվերաբերի անվտանգության երաշխիքներին», - ասել է նա:


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ուկրաինան չպետք է սահմանափակումներ ունենա իր զինված ուժերի թվաքանակի վերաբերյալ:


Նշենք՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը համաձայնել են բանակցություններ անցկացնել Ալյասկայում օգոստոսի 15-ին: Հիմնական թեման Ուկրաինայում խաղաղությունն է: Արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ քննարկվող առաջարկները կարող են ներառել տարածքների փոխանակում և Կիևի կողմից ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը:

Քաղաքականություն