Փաշինյանը՝ Թրամփի ուղու անվտանգությունն ապահովելու հայ-ադրբեջանական պարտավորությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է հարցը, թե ով է ապահովելու Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստորագրած համատեղ հռչակագրով ստեղծվելիք Թրամփի ուղու անվտանգությունը։ Վաշինգտոնում կայացած ասուլիսի ընթացքում Փաշինյանն ընդգծել է, որ ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում Հայաստանի տարածքում անվտանգությունն ապահովում է Հայաստանը, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանը։


 «Բայց գալով բիզնես կառավարման մոդելներին՝ ուզում եմ հետևյալն ասել։ Օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանը ունի իր անվտանգության ծառայությունը։ Այսինքն՝ ընկերությունները ունեն իրենց անվտանգության ծառայությունը, բանկերում կան անվտանգության ծառայություններ, վստահ եմ, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ունի իր անվտանգության ծառայությունը։ Բայց այդ ծառայությունների գործունեությունը որևէ կերպ չի վերազանցում և չի կարող վերազանցել Հայաստանի իրավապահ մարմինների և ընդհանրապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը։ Ես նկատի ունեմ, որ անվտանգություն ասելով՝ մենք պետք է նաև հասկանանք, թե ինչ նկատի ունենք։ Իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը նշանակում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքները, և սա շատ կարևոր արձանագրում է։ Էլի եմ ասում, որ լինելու են ներդրողներ և ներդրումային ընկերություններ։ Այդ ներդրումային ընկերությունները կարող են ունենալ պահնորդական ծառայություններ, այնպիսի պահնորդական ծառայություններ, որ այսօր Հայաստանի, երևի, հազարավոր ընկերություններ ունեն, սակայն դա որևէ կերպ չի սահմանափակում Հայաստանի ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատաիրավական համակարգի լիազորությունները և գործունեությունը»,- շեշտել է Փաշինյանը։ 


Անդրադառնալով ապաշրջափակման մեխանիզմների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներին՝ Փաշինյանը նշել է, որ այդտեղ կան որոշակի տարբերություններ, որովհետև Հայաստանն ուզում է ներգրավել օտարերկրյա ներդրողների, և օտարերկրյա ներդրողները բիզնես կառավարման մոդելներով հետաքրքրված է։


«Ադրբեջանը, գուցե, այն պատճառով, որ ֆինանսական էական սահմանափակումներ չունի, հետաքրքրված չի դրանով։ Գուցե, դա այն պատճառով է, որ Ադրբեջանը շատ ակտիվ երկաթուղի ունի, գազամուղեր ունի, նավթամուղեր ունի։ Օրինակ, մենք նավթամուղ կառավարելու կարողություն չունենք, որովհետև նավթամուղ չենք ունեցել։ Միացյալ Նահանգները և պոտենցիալ այլ գործընկերներ ունեն այդ կարողությունը։ Մենք հիմա դպրոց կառուցելու ընթացքում ենք խնդիր ունենում, պատկերացրեք նավթամուղ կառուցելու և կառավարելու ընթացքում մենք ինչ խնդիրներ կունենանք, և այդտեղ կսկսվեն խնդիրները, երբ մեզ կսկսեն մեղադրել, որ մենք պարտավորություն ենք ստանձնել, որ ուղիները բացում ենք, խոստումներ ենք տվել և չենք կարողանում այդ խոստումները կատարել։ Սա է տրամաբանությունը։ Մյուս կողմից մենք կարող ենք այլ ներդրողների հրավիրել, սակայն մյուս ներդրողներն էլ ուզում են ներդրումային որոշակի երաշխիքներ։ Հիմա, օրինակ, Միացյալ Նահանգների ներկայությունը և նախագահ Թրամփի անունը նաև ներդրողներին ներդրումային որոշակի վստահություն է հաղորդում։ Իսկ մենք ուզում ենք, որ այդ անվան ներկայությունը Հայաստանում ավելի մեծ վստահություն տա պոտենցիալ ներդրողներին, որ կարելի է Հայաստանում ներդրումներ անել։ Ես հավաստիացնում եմ, որ այս ամենի արդյունքում Հայաստանի ներդրումային բոլոր ռեյտինգներն աճելու են, հենց հիմա են աճում»,- ասել է ՀՀ վարչապետը։

Քաղաքականություն