Հայաստանը էական զրույց է ունեցել հումանիտար հարցերի շուրջ՝ այդ թվում գերիների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների ընթացքում Հայաստանը էական զրույց է ունեցել նաև հումանիտար հարցերի շուրջ: Այս մասին Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Մեր փաստաթղթերում դա արտահայտված չէ, բայց ուզում եմ իմանաք, որ շատ էական ու կարևոր խոսակցություններ են տեղի ունեցել նաև հումանիտար հարցերի հետ կապված։ Ինչպես նախկինում ասել եմ, մենք ոչ մի խոսակցության ժամանակ չենք շրջանցում անհետ կորած մեր հայրենակիցների հարցը, գերեվարված և անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը»,- ասել է նա։


Նա ընդգծել է, որ որդեգրել է մոտեցում, որ նման հարցերով այլևս երբեք նախապես որևէ հայտարարություն չի անում՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը և առկա նրբությունները։


Փաշինյանը հիշեցրեց 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանից հայ գերիների վերադարձի դեպքը՝ նշելով, որ այդ ժամանակ էլ մինչև վերջին պահը որևէ հայտարարություն չի արվել, քանի որ կարող էին լինել հանգամանքներ, որոնք իրենց ազդեցությունը կթողնեին գործընթացի վրա։


«Այդ հարցում ամենաշահագրգիռ ձևով, ամենաբարձր մակարդակում անդրադարձ ունեցել ենք և հետևողական ենք լինելու այս խնդիրների լուծման համար»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Քաղաքականություն