
Իրանը պատրաստ է զարգացնել տարանցիկ միջանցքները 8 երկրների՝ այդ թվում Հայաստանի համար

Թեհրանը երկկողմ տարանցիկ հարաբերություններ ունի տարածաշրջանի ութ երկրների հետ և պատրաստ է զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածքը, որպեսզի նրանք համաշխարհային շուկաների հասանելիություն ստանան: Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արիֆը։
«Ութ երկրներ՝ Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, երկկողմ տարանցիկ հարաբերություններ ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ... Զարգացնելով իր տրանսպորտային ենթակառուցվածքը՝ ԻԻՀ-ն հիմք է ստեղծել, որպեսզի հարևան երկրները կարողանան օգտվել այդ հնարավորություններից՝ նպաստելով առևտրին, տնտեսական զարգացմանը, համաշխարհային շուկայի հասանելիությանը և կայուն աճին», - ասել է Արիֆը:
Նրա խոսքով՝ ընդհանուր հինավուրց քաղաքակրթությունն ու մշակութային ժառանգությունը դարեր շարունակ նպաստում են տարածաշրջանի ժողովուրդների համերաշխությանն ու միասնությանը: Արիֆն ընդգծել է, որ որպես կարևորագույն տարանցիկ հանգույց՝ Իրանը ռազմավարական դեր է խաղում՝ միացնելով Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի մայրցամաքները: