Մենք քաջալերում ենք թե՛ Հայաստանին, և թե՛ Ադրբեջանին․ Իրանի ԱԳՆ

Իրանն աջակցում է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային։


-Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Հայկական կողմը նշել է, որ պատրաստ է ցանկացած պահի ստորագրել այդ համաձայնագիրը, սակայն Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել։ Ձեր կարծիքով՝ նման պայմաններում խաղաղությունը հնարավո՞ր է մոտ ապագայում։ 



-Իհարկե, հնարավոր է։ Եթե կա կամք, միշտ էլ կա ճանապարհ, և ոչ մեկ ճանապարհ։ Մենք հասկանում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հակամարտության նախապատմությունը, ինչպես նաև այն բարդություններն, որոնք կարող են խոչընդոտել բանակցություններին և երկարացնել խաղաղության գործընթացը։ Բայց կարծում եմ՝ պետք է տեսնել դրական կողմը և լինել լավատես։


Դրականն այն է, որ կողմերին հաջողվել է մշակել խաղաղության պայմանագրի նախագիծ։ Գիտենք, որ դեռ որոշ ժամանակ է պետք այն վերջնականացնելու համար, սակայն այն փաստը, որ դուք արել եք դա, փաստաթղթի մեծ մասն արդեն համաձայնեցված է, և երկու պետություններն էլ, մեր պատկերացմամբ, պատրաստակամ են շարժվել այդ ուղղությամբ, ինքնին դրական ազդակ է։ Մենք քաջալերում ենք թե՛ Հայաստանին, և թե՛ Ադրբեջանին՝ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը և ստորագրել այն։ Ես նախարար Արաղչիի հետ էի, երբ նա այցելեց Երևան, և ներկա եմ եղել նաև նրա հանդիպմանը ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Երկու հանդիպումների ժամանակ էլ նա հորդորեց կողմերին արագացնել գործընթացը և ավարտին հասցնել համաձայնագիրը, որովհետև դա կլինի երկարատև խաղաղության հիմնական երաշխիքը Հարավային Կովկասում։


Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության կուրս և այս համատեքստում խորացնում է հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։


-Կան փորձագիտական կարծիքներ, որ Հայաստանի այս քաղաքականությունը Իրանի դեմ է և անընդունելի է Թեհրանի համար։ Կարո՞ղ եք հստակեցնել՝ Իրանը ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում։ 


Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը և բարելավել հարաբերությունները տարբեր պետությունների հետ։ Դա նորմալ է։ Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Մենք բարեկամ ժողովուրդներ ենք։ Մեր երկու պետությունների միջև գոյություն ունի վստահության վրա հիմնված հարաբերությունների պատմություն, և կարծում եմ, թե՛ Իրանը, և թե՛ Հայաստանը պետք է գնահատեն այդ հիմքը։ Վստահ եմ, որ երկու պետություններն էլ շահագրգիռ են պահելու իրենց բարեկամական հարաբերությունները, որովհետև դա համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին։ Իրանի համար կարևոր է, որ որևէ հարևան պետության հարաբերություններն այլ երկրների հետ չօգտագործվեն Իրանի դեմ։ Դա բխում է նաև միջազգային իրավունքի սկզբունքներից, որոնք արգելում են որևէ պետության տարածքի կամ հնարավորությունների օգտագործումը մեկ այլ պետության դեմ։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը շատ լավ հասկանում է այս կարևոր սկզբունքը։ Այսպիսով՝ Իրանի համար կարևոր է, որ իր հարևանների հարաբերություններն այլ դերակատարների հետ երբևէ և որևէ ձևով չուղղվեն Իրանի շահերի դեմ։


- Մեկ ամիս առաջ Իրանի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ և կոչ էր արել նրան հետաքննել հրապարակումներն այն մասին, թե Իսրայելը Իրանի վրա հարձակման համար օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը։ Իրանն ունի՞ փաստեր Իսրայելի կողմից Ադրբեջանի օդային տարածքն օգտագործելու վերաբերյալ, և Դուք ունե՞ք տեղեկատվություն՝ արդյոք ադրբեջանական կողմը հետաքննե՞լ է այդ հրապարակումները։ 


- Ինչպես նշեցի, մենք նույն ակնկալիքն ունենք թե՛ Ադրբեջանից, և թե՛ Հայաստանից կամ ցանկացած այլ հարևան պետությունից։ Այդ հեռախոսազրույցը նպատակ չուներ կոնկրետ մեղադրանք ներկայացնելու։ Դա նախագահների միջև հերթական զրույցն էր, որի ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Այդ զրույցի ընթացքում նախագահ Փեզեշքիանը, իհարկե, բարձրացրել է նաև այդ հարցը։ Սակայն կրկնում եմ՝ դա չէր նշանակում, թե Ադրբեջանը ներգրավված է եղել Իսրայելի հարձակման մեջ։ Դա պարզապես հիշեցում էր այն մասին, որ բոլոր պետությունները միջազգային իրավունքի ներքո ունեն պարտավորություն՝ թույլ չտալ, որ իրենց տարածքը չարաշահվի երրորդ կողմերի կողմից՝ մեկ այլ պետության դեմ։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին։ Մենք կարող ենք նույն մտահոգությունները բարձրացնել նաև այլ հարևան պետությունների մոտ, որովհետև գիտենք, որ Իսրայելն օգտագործել է նաև այլ երկրների տարածքներ Իրանի դեմ գործողությունների համար։


Այսպիսով՝ սա կոնկրետ մեղադրանք չէր, այլ ընդհանուր բնույթի հիշեցում էր։


Եվ այդ հիշեցումը ուղղված է բոլոր հարևաններին՝ լինել զգոն, որովհետև մենք գործ ունենք մի թշնամու հետ, որը որևէ հարգանք չունի միջազգային իրավունքի և օրինականության հանդեպ։ Սա պահանջում է, որ մենք բոլորս զգոն լինենք և չթույլատրենք, որ այդ ուժերը վնաս տան մեր փոխհարաբերություններին։