Ամերիկայում հրապարակվել է Մարտին Լյութեր Քինգի սպանության գործով գաղտնազերծված փաստաթղթերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է սևամորթ ամերիկացիների քաղաքացիական իրավունքների առաջամարտիկ Մարտին Լյութեր Քինգի սպանության հետաքննությանն առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր։ Դրանցում ներառված են հատկապես Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կողմից Քինգի նկատմամբ իրականացված վերահսկողության մասին տվյալներ։


«Ամերիկյան ժողովուրդը գրեթե 60 տարի սպասել է դաշնային կառավարության կողմից դոկտոր Քինգի սպանության գործի ամբողջական տեղեկատվությանը հասանելիություն ունենալուն»,- հայտարարել է Ազգային հետախուզության տնօրեն Թալսի Գաբարդը։


Նրա խոսքով՝ «մեր առաքելությունն է ապահովել թափանցիկություն այս կարևոր և ողբերգական իրադարձության բոլոր մանրամասների վերաբերյալ, և ոչինչ չպետք է մութ մնա»։


Գաբարդը նշել է, որ հրապարակվել է ավելի քան 230,000 էջ փաստաթուղթ՝ նվազագույն խմբագրումներով։ Դրանք հասանելի են ԱՄՆ Ազգային արխիվի պաշտոնական կայքում։


Նշենք, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը ստորագրել էր մի շարք որոշումներ՝ 1960-ականներին նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի, նրա եղբայր Ռոբերտ Ֆ. Քենեդիի և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների գործերով փաստաթղթերի գաղտնազերծման վերաբերյալ։


Իրավապաշտպան և քարոզիչ Մարտին Լյութեր Քինգ կրտսերը սպանվել է 1968 թվականի ապրիլի 4-ին, Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում։ Սպանության մեղադրանքով ձերբակալվել է նախկինում դատապարտված Ջեյմս Էրլ Ռեյը։ Չնայած նա խոստովանել էր հանցանքը, հետագայում պնդել է, թե խոստովանությունը կորզվել է ճնշման միջոցով։ Ռեյը մահացել է բանտում՝ 1998 թվականին։


Քինգի ընտանիքի անդամները բազմիցս արտահայտել են կասկածներ Ռեյի մեղավորության վերաբերյալ՝ նշելով, որ նա միգուցե ոչ միակ, և գուցեև ոչ իրական մեղավորն էր։ Նման համոզմունք ունեն նաև Քինգի շատ համախոհներ, որոնք չեն հավատում պաշտոնական վարկածին։

Քաղաքականություն