Սկանդալային տեսանյութ է հրապարակվել. Առողջապահության նախարարությունը դիմել է իրավապահներին
Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի»՝ ավելի քան 11 հազար հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջում, որում նախկինում ներկայացվում էին կենտրոնին առնչվող պաշտոնական նորություններն ու հայտարարությունները, առավոտյան սկանդալային տեսանյութ է հրապարակել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և նրա տեղակալ Լևոն Հակոբյանի մասնակցությամբ:
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նոր համակարգողն է սույն արարածը՝ ԱՆ փոխնախարար պարոն Լևոն Հակոբյանը: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավարը ողջունում է սույն քայլը»,- նշված է տեսանյութին կից գրառման մեջ:
Տեսանյութում հրապարակված են արխիվային կադրեր, որում Լևոն Հակոբյանը խոսում է Կարապետյան ընտանիքի և «Տաշիր» ընկերության կողմից իրականացված բարեգործական ծրագրի մասին:
Նշենք, որ Լևոն Հակոբյանը 2019-ի մարտին նշանակվել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի (ներկայում՝ ՔՊ խմբակցության պատգամավոր) տեղակալ, սակայն ամիսներ անց պաշտոնանկ արվել: Մինչ այդ նա հանդիսացել է «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ի տնօրենը: Պաշտոնանկությունից հետո՝ 2020-2023 թվականը` Հակոբյանը վերադարձել էր «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ֊ի տնօրենի պաշտոնին:
Իսկ արդեն 2023 -2024 թվականներին Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խորհրդական, իսկ վարչապետի՝ 2025 թ. մարտի 27-ի որոշմամբ՝ նախարարի տեղակալ:
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից ժամեր անց Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջը չի պատկանում և վարվում Առողջապահության նախարարության կամ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից, և դրանում արտացոլված է բացառապես կենտրոնի նախկին ղեկավարի անձնական կարծիքը:
«Կախվածության բուժման ազգային կենտրոնի գործունեությունը դեռևս լուսաբանվում է Առողջապահության նախարարության պաշտոնական հարթակներով, քանի որ վերջինս հանդիսանում է նախարարությանը ենթակա մարմին։ Հավելենք նաև, որ վերջին շրջանում տվյալ անձի կողմից հրապարակումների բնույթի և բովանդակության հետ կապված Առողջապահության նախարարությունը դիմել է իրավապահ մարմիններին: Առաջիկայում կներկայացնենք Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի պաշտոնական էջը` նոր ձևաչափով»,- ասված է հաղորդագրությունում։