Իլոն Մասկը հայտարարել է իր սեփական կուսակցության ստեղծման մասին

Գործարար Իլոն Մասկը իր սեփական կուսակցությունն է հիմնում: 


Նա իր X սոցիալական ցանցում քվեարկություն է սկսել, թե արդյոք պետք է ստեղծել քաղաքական կուսակցություն: Ընտրողների 65.4%-ը կողմ է քվեարկել: Քվեարկության ավարտից հետո Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծվել է «Ամերիկա» անունով նոր քաղաքական կուսակցություն:


«Երբ երկիրը թալանվում և ավերվում է վատնումների և կոռուպցիայի պատճառով, դա ժողովրդավարություն չէ, այլ միակուսակցական համակարգ: Այսօր «Ամերիկա» կուսակցությունը ստեղծվել է ձեր ազատությունը վերադարձնելու համար», - գրել է աշխարհի ամենահարուստ մարդը:


Գործարարն արդեն ներկայացրել է կուսակցության մարտավարությունը: Նա պլանավորում է զբաղեցնել Սենատում 2-3 և 8-10-ը տեղ Ներկայացուցիչների պալատում:


«Օրենսդիր մարմնում ամենափոքր առավելությունը բավարար կլինի վիճահարույց օրենքների վերաբերյալ վճռորոշ քվեարկության համար, որը կարտացոլի ժողովրդի իրական կամքը», - գրել է Մասկը X սոցիալական ցանցում:


Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի և Իլոն Մասկի տարաձայնությունները սկսվեցին մայիսին՝ վերջինիս կողմից հարկային ու բյուջետային ծրագրերի հրապարակային քննադատությունից հետո։ Իլոն Մասկը ևս դեմ էր օրենքի ընդունմանը:

Նոր օրենքը ներառում է մեծածավալ ծախսեր և հարկային նվազեցումներ ու համարվում է, որ առաջիկա տասը տարում կավելացնի ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը ավելի քան 3 տրիլիոն դոլարով։

Քաղաքականություն