Բրուցելոզի վարակ՝ Աշոցքում

Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան համայնքում շուրջ 50 խոշոր եղջերավոր կենդանու մոտ բրուցելոզ է հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին համայնքից։


Վարակված կենդանիները տեղափոխվել են վերամշակման կետ և ենթարկվել հարկադիր սպանդի։


«Ամեն տարի էլ այդ հիվանդությունը լինում է, մոտ 5-10 կենդանու մոտ, իսկ այս տարի մի քիչ շատ է՝ շուրջ 50 կովի մոտ հայտնաբերվել է»,– լրատվամիջոցին հայտնել են Մուսայելյան համայնքից։


«Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից։ Աշոցք համայնքի բազմաթիվ բնակավայրերում վարակված անասուններ կան, իսկ մարդիկ՝ առանց իրազեկման և պաշտպանության։ Միևնույն ժամանակ՝ պետական կառույցները լուռ են։ Ոչ վերահսկողություն կա, ոչ լուրջ փոխհատուցում, ոչ պատասխանատվություն։ Պետությունը պարտավոր է գործել, ոչ թե սպասել, մինչ համաճարակը կհասնի մարզի մյուս համայնքներ։ Այստեղ էլ գյուղացիները մնացել մենակ` առանց պետական որևէ լուրջ աջակցության։ Շիրակում բրուցելոզը ոչ թե պարզապես վարակ է՝ այլ պետական բացթողումների հետևանքով խորացող համակարգային ճգնաժամ»,- ահազանգում է նաև Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։



Պատգամավորը պահանջում է, որ պետական կառույցները շտապ արձագանքնեն: Պատգամավորն այցելել է Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայր։



Auroranews-ը կապ հաստատել Առողջապահության նախարարության հետ: Գերատեսչությունից ասացին, որ խնդիրը Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է: Իրենց մասով՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ը իրազեկումներ անում է: Մարտ ամսից լոկալ իրազեկում Շիրակի մարզում իրականացվել է:


Էկոնոմիկայի նախարարություն-ից Auroranews-ին հայտնեցին, որ խնդիրը ՍԱՏՄ դաշտում է.


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ քիչ առաջ հայտնեցին, որ հիվանդության հաստատումից հետո իրենք վերահսկում են, որ 15 օրում իրականացվի հիվանդ կենդանու պարտադիր սպանդ։ Դրանից անմիջապես հետո ախտահանություն է կատարվում։


Այդուամենայնիվ, ստեղծված իրավիճակի հետ կապված մի շարք հարցեր կան, որոնք պահանջում են պատասխաններ: Օրը կիրակի է, հանգստյան և պատկան մարմիններից ամենայն հավանականության մանրամասն պարզաբանումներ կլինեն վաղը: