Բաքվում մերժեցին Ռուբեն Վարդանյանի բողոքը՝ թողնելով առանց քննության

Բաքվի «դատարանը» մերժել է միջնորդությունը և առանց քննության թողել Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի բողոքը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօրվա նիստի ընթացքում Վարդանյանը դիմել է «դատարանին»՝ խնդրելով իր ընտանիքին տրամադրել «մեղադրական եզրակացության» պատճենը:


Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը, մեկնաբանելով միջնորդությունը, հայտարարել է, թե իբր «մեղադրական ակտը» պարունակում է տեղեկություններ, որոնք «քրեական դատավարության մասնակիցների անձնական և ընտանեկան գաղտնիք են կազմում, դրանց տարածումը օրենսդրությամբ անթույլատրելի է համարվում»:


Բացի այդ, նրա խոսքով, Ադրբեջանի Քրեական դատավարության օրենսգրքով «հստակեցվել է այն անձանց ցանկը, որոնց կարող է տրվել մեղադրական ակտը և դրա պատճենը, և մեղադրյալի ընտանիքի անդամներն այդ ցուցակում ընդգրկված չեն»: Այդ կապակցությամբ նա խնդրել է չբավարարել միջնորդությունը։ «Դատավորների կոլեգիան», տեղում խորհրդակցություն անցկացնելով, որոշում է կայացրել մերժել միջնորդությունը:


Այնուհետև Վարդանյանը բողոք է ներկայացրել՝ հայտարարելով, որ առարկում է «գործը քննող դատավորների կոլեգիայի» որոշմանը, քանի որ իր ընտանիքի անդամներին մեղադրանքը չի տրամադրվել, իսկ նախորդ նիստերի ընթացքում ներկայացրած միջնորդությունները չեն բավարարվել: Փաստաբան Աբրահամ Բերմանը պաշտպանել է բողոքը։ Դատավարության մասնակից «տուժողները» «դատարանին» խնդրել են չբավարարել Վարդանյանի և նրա փաստաբանի առարկությունները: «Դատարանը» հեռացել է խորհրդակցության։ Արդյունքում, Վարդանյանի առարկությունը թողնվել է առանց քննության։




Հավելենք՝ հաջորդ «դատական նիստը» նշանակված է հունիսի 10-ին:


Հիշեցնենք՝ Ադրբեջանում հունվարի 17-ից շինծու դատական գործընթաց է ընթանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ: Մեղադրյալների թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը և խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը:


Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Չնայած մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: