Իրանը պահանջում է՝ Վաշինգտոնը դադարեցնի պատժամիջոցները

«Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման հարցում Թեհրանը ԱՄՆ դիրքորոշման փոփոխություն չի տեսնում», - այսօր հայտարարել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։


«Ափսոսանքով պետք է տեղեկացնեմ, որ ամերիկյան կողմը մինչ օրս չի հստակեցրել իր դիրքորոշումը», - նշել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։


«Պետք է շատ հստակ ասվի, որ Իրանի ժողովրդին ճնշելու գործիք ծառայող այդ պատժամիջոցները պետք է վերացվեն, և վերադարձը նախկինում կիրառվող այդ պրակտիկային պետք է բացառվի», - նշել է Բաղաին։


Իրանը պահանջում է, որ իր միջուկային ծրագրի դադարեցման դիմաց Վաշինգտոնը վերացնի վերջին տարիներին սահմանված բոլոր պատժամիջոցները։


«Մենք պետք է վստահ լինենք, որ Իրանի ժողովրդի նկատմամբ սահմանված խիստ պատժամիջոցներն իսկապես կվերացվեն տնտեսական, բանկային և առևտրային ոլորտներում: Անցյալի բացասական փորձը չպետք է կրկնվի»,- ասել է դիվանագետը:


Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն Իրանի իշխանություններին է ուղարկել միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն և, Վաշինգտոնի կարծիքով, ընդունելի առաջարկ:


Լևիթն անցած շաբաթ Ազգային անվտանգության խորհրդի, ֆինանսների նախարարության և պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման գործընթացը դադարեցնելու մասին, հաղորդում է The Wall Street Journal-ը: Թերթը, վկայակոչելով իր աղբյուրին, գրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրելու քաղաքականությունը կանգ է առել: