ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը․ WSJ
Սպիտակ տունը գերատեսչություններին հանձնարարել է դադարեցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։
Հանձնարարականներն անցյալ շաբաթ ուղարկել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը, այս մասին հաղորդում է The Wall Street (WSJ) պարբերականը։
Հրապարակման մեջ նշվում է, որ հրահանգը փոխանցվել է Ազգային անվտանգության խորհրդի, Ֆինանսների նախարարության և Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ըստ պարբերականի՝ իրանական նավթի և սառեցված իրանական ակտիվների նկատմամբ ԱՄՆ-ի հիմնական սահմանափակումները կմնան անփոփոխ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտոնյաները չգիտեն՝ դադարեցումը վերաբերում է միայն նոր պատժամիջոցներին, թե՞ նաև արդեն գործողներին։ Որոշ բարձրաստիճան քաղաքական գործիչներ ընդհանրապես տեղյակ չեն եղել փոփոխությունների մասին և զարմացած են եղել հանկարծակի դադարեցումից։
Սպիտակ տնից հայնում են, որ ցանկացած նոր որոշում կհայտարարվի համապատասխան գերատեսչությունների կողմից։ Սպիտակ տան որոշ պաշտոնյաների խոսքով, որոնց անունը չի նշվում, կասեցումը կապված է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին հետագա պատժամիջոցների մանրակրկիտ քննարկման հետ։ Պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն փորձում է անտեղի չգրգռել Իրանին բանակցությունների ընթացքում։