Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է վերջին օրերի քննարկումներին

Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և քննադատել վերջին օրերին սկսված արշավը եկեղեցու նկատմամբ։


Նա մասնավորապես ասել է․ «Հայաստանի մեջ մենք վերջին տարիներին տեսնում ենք մեր եկեղեցու նկատմամբ այնպիսի կեցվածք, որի նկատակն է լուսանցքայնացնել մեր եկեղեցու պատմական դերակատարությունը։ Մենք մերժում ենք նման քայլեր որևէ մեկի, որևէ իշխանության կողմից։


Մեր եկեղեցու՝ Սուրբ Էջմիածնի կողքին ենք զորակից ու գործակից։ Չմոռանանք , որ մենք մեկ եկեղեցի ենք՝ հայրապետական երկու աթոռներով»,-շեշտել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս։

Հիշեցնենք՝ Կառավարության վերջին նիստում վարչապետն անդրադարձել էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների՝ աղբի, շինարարական մնացորդների, հին իրերի ու հագուստների առկայությանը: Ըստ վարչապետի՝ այդ ամենատարբեր իրերի կուտակումների հետևանքով «եկեղեցիները չուլանացված են»։ Այս հայտարարությունը քննադատվեց հոգևորականների կողմից: Սրան հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառումները։