Ինչից է մահացել 1,7 տարեկան երեխան. պարզաբանում

«Մուրացան» հիվանդանոցային համալիրից 1,7 տարեկան տղայի մահվան դեպքի առնչությամբ պարզաբանում են տարածել։


Հիվանդանոցից հայտնում են որ մայիսի 28-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի անհետաձգելի բուժօգնության ծառայություն է դիմել պացիենտ՝ ծնված 27.11.2023թ.՝ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում են «Մուրացան» հիվանդանոցային համալիրից։


Նշվում է, որ ընդունվելիս երեխան ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարման նշաններ: Կատարվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։


«Նշենք, որ հիվանդանոց դիմելուց շուրջ 45 րոպե հետո գրանցվել է սրտի կանգ, համապատասխան միջոցառումներ են արվել և վերականգնվել է սրտի աշխատանքը։


Հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը տեղափոխվել է բուժհաստատության Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա։


Նշենք, որ 28.05.2025 թվականին, երբ դիմել է բժշկական հաստատություն, ըստ մոր պատմածի, երեխան 20 օր առաջ ունեցել է բարձր ջերմություն, 5 օր բուժվել է ամբուլատոր պայմաններում, որից հետո՝ դեպքից 2 օր առաջ, երեխան ունեցել է փսխումներ, եղել է անհանգիստ, ունեցել է ընդհանուր թուլություն և մայրը, երթուղային տաքսիով, տեղափոխել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր:


Փաստենք նաև, որ դեռ 2024 թվականի մայիսին երեխան ընդունվել է «Մուրացան» հիվանդանոց, այնտեղ գտնվել է 7 օր՝ 3-ը Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում, 4 օրը՝ Նորածնային պաթոլոգիայի և վաղ մանկական հասակի մանկաբուժական բաժանմունքում։


Այնուհետև դուրս է գրվել վիճակի կայունությամբ՝ տեղամասային բժշկի հսկողության ցուցումով։


Պացիենտը 2025 թվականին մայիսի 6-ին՝ Վեդու բժշկական կենտրոնից ուղեգրմամբ եկել է «Մուրացան» հիվանդանոց՝ ռենտգեն հետազոտության և մանկաբույժի խորհրդատվության, հետազոտությունը արվել է և ախտորոշվել է սուր բրոնխիտ, օպստրուկտիվ համախտանիշ և նշանակվել է համապատասխան բուժում։


«Մուրացան» հիվանդանոցային համալիրում երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որտեղ, հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, երեխան ստացել է միայն անհրաժեշտ և ցուցված դեղորայքային միջամտություն և միացվել ապարատին:


Ընթացքում երեխայի մոտ գրանցվել է սրտի կանգ, սակայն վերականգնվել է մերսման ընթացքում: Այնուհետև ժամը 23:10-ի սահմաններում երեխայի մոտ նորից դիտվել է սրտի կանգ, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն, ցավոք, անարդյունք և ժամը 23:50-ին գրանցվել է երեխայի կենսաբանական մահը:


Հիվանդանոցի բուժանձնակազմը խորապես ցավակցում է ընտանիքին՝ երեխայի մահվան կապակցությամբ», - նշված է պարզաբանման տեքստում:


Հիշեցնենք` այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan-ը:


Վեդի քաղաքի բնակչուհու 1,7 տարեկան տղա երեխայի ինքնազգացողությունը վատանում է, ինչից հետո մայրը երեխային տեղափոխում է Երևան՝ «Մուրացան» մանկական հիվանդանոց: