
Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Փաշինյան

Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան՝ երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան՝ երբևէ, Սարդարապատում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ՝ ձեռքբերումների արտահայտությունն է»,- նշել է նա։
«Մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց պետական մի համակարգ` հանրապետություն, որտեղ իշխանության տերը Հայաստանի ժողովուրդն է, և նա է ընտրությունների միջոցով որոշում, թե ով, ինչպես պետք է կառավարի պետությունը։ Առաջին պետությունը թարմացրեց, սակայն չամրապնդեց պետականության մեր ընկալումը, սերմանեց, սակայն չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետև դրա ժամանակը չունեցավ»,– հայտարարել է նա։
Ըստ Փաշինյանի` Խորհրդային Միության գոյության ողջ ընթացքում Առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ։
«Կայսրությունն այդպիսով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լիներ Առաջին Հանրապետությունը»,– շարունակել է ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով` 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր` 70–ամյա պրոպագանդան խոր հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։ Մինչդեռ, ըստ նրա, 3–րդ Հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունն անկհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։