Ուկրաինան դա չի անի․ զիջումների չենք գնալու․ Զելենսկի

Ուկրաինան զորքերը դուրս չի բերի իր տարածքներից, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո։ Այս մասին գրում է dw.com-ը:


«Եթե Ռուսաստանը պայմաններ է դնում մեր զորքերը մեր հողից դուրս բերելու համար, դա նշանակում է, որ նրանք չեն ցանկանում, որ պատերազմն ավարտվի: Քանի որ նրանք հստակ հասկանում են, որ Ուկրաինան դա չի անի», - ասել է Զելենսկին երեկոյան ճեպազրույցում:


Զելենսկու խոսքով՝ իր սահմանադրական պարտականությունն է շարունակել երկրի պաշտպանությունը։


«Վերջնագրեր չեն լինելու, ոչ ոք չի զիջի իր հողերը, իր ժողովրդին, իր տները»,- ընդգծել է նա։


Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումների։ Սպիտակ տան ղեկավարի համար ամենակարևորն այն է, որ Կիևն ու Մոսկվան սկսեն ուղիղ բանակցություններ։ Միևնույն ժամանակ, ինքը՝ Զելենսկին, կցանկանար տեսնել հրադադարը որպես պատերազմի ավարտի առաջին քայլ, քանի որ այդ կերպ ռուսները կարող են իրական պատրաստակամություն դրսևորել խաղաղ կարգավորման համար։


Զելենսկու խոսքով՝ Կիևը սպասում է հուշագրի ռուսական տարբերակին, որի ստորագրման հարցը Թրամփը քննարկել է Պուտինի հետ։


«Հուշագիր, որին կաջակցեն բոլոր կամ երկու երկրները, որը ներառում է նաև զինադադար: Եթե Ռուսաստանը առաջարկի այդ հուշագիրը, մենք կկարողանանք ձևակերպել մեր տեսլականը»,- հավելել է նա:


Ուկրաինայի նախագահը հայտնել է նաև, որ Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը զանգահարել է իրեն և հայտնել բանակցությունների բովանդակությունը։