Ինչ տարբերակներով է հնարավոր կատարել աղբահանության վճարները
Երևանի բնակիչներն արդեն կարող են կատարել աղբահանության համար նախատեսված վճարներն առցանց տարբերակով, ինչպես նաև «Հայփոստ»-ի բոլոր մասնաճյուղերում։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
«Աղբահանության համար վճարումներն արդեն հասանելի են առցանց տարբերակով։ Վճարումները կարելի է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կայքի համապատասխան բաժնում։ Ես կարծում եմ, որ մոտ 1 ամիս հետո բոլոր այն տարբերակները, որոնք նախկինում հասանելի են եղել, շուտով ևս հասանելի կլինեն և այլևս դժվարություններ չեն լինի»,- ասել է նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հստակեցրել է, որ աղբահանության վճարների կարգի փոփոխություններից հետո աղբահանության վճարումների համար նախկինում հասանելի համակարգերը հասանելի չէին, հետևաբար քաղաքապետարանը նախատեսում է 2025 թվականի հունվարից մինչև մայիս չկատարած վճարումների համար նախատեսված տույժերը չեղարկել, տույժերի հաշվարկը սկսել այն պահից, երբ վճարման համակարգերը հասանելի կլինեն։