Դա փաստ է՝ Հայաստանը երբեք չի ճանաչել ԼՂՀ-ն. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ–ի լուծարման փաստաթուղթը՝ քողարկելու համար 2022–ին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը:


«Ես ստիպված եմ արձանագրել մի բան, որը մի կողմից շատ հանրահայտ փաստ է, մյուս կողմից համապատասխան պաշտոնյաները մեզ տևական ժամանակ համառորեն չեն ուզել ասել՝ երևի, որ տրամադրությունները չընկնի: Եվ այդ փաստը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԽՍՀՄ կազմալուծման գործընթացի հետ գրեթե միաժամանակ Ալմաթայի հռչակագրի ստորագրմամբ ՀՀ–ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով: Ավելին՝ փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու այս հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում հենց սկզբից և արտահայտված է բոլոր նշանակալի փաստաթղթերում, այդ թվում և Մադրիդյան սկզբունքներում»,-ասել է Միրզոյանը:


Նա հավելեց՝ Մադրիդյան սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականությունն էր, իսկ ինքնորոշման իրավունքն ընկալվում էր տարածքային ամբողջականության շրջանակներում:


Միրզոյանը նշեց՝ Ալմաթայի հռչակագրին համահունչ տարածքային ամբողջականության ճանաչման հիմնարար սկզբունքն արտահայտված է նաև ավելի ուշ շրջանի բանակցային փաստաթղթերում, տարբեր ձևաչափերում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով եղած հայտարարություններում, այդ թվում՝ 2022թ Պրահայի քառակողմ հայտարարության մեջ:


Նույն սկզբունքն արտահայտված է նաև 2024թ օգոստոսի 30–ին ստորագրված և ուժի մեջ մտած Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգի մեջ:


«Այդ նույն սկզբունքն արտահայտված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում»,-եզրափակել է իր ելույթը նախարարը: