Իսրայելը նախատեսում է ամբողջությամբ գրավել Գազան

Իսրայելի կառավարությունը հաստատել է Գազայի ամբողջական գրավման և այնտեղ անժամկետ ռազմական ներկայության ծրագիր, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով երկու իսրայելցի պաշտոնյայի։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները սկսել են զանգվածային կերպով մոբիլիզացնել տասնյակ հազարավոր պահեստազորայինների։


Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ ծրագիրը նպատակ ունի «աջակցել պատերազմի նպատակներին»՝ մասնավորապես ոչնչացնել «ՀԱՄԱՍ»-ը և ազատել գերեվարված իսրայելցիներին։ Սա ենթադրում է Իսրայելի զինված ուժերի մասսայական առաջխաղացում Գազայի հարավային հատվածում, ինչը կարող է էլ ավելի խորացնել արդեն իսկ ծանր հումանիտար ճգնաժամը։ Ներկայումս վերահսկվում է Գազայի շուրջ 50 տոկոսը։


Ծրագրի շրջանակում նախատսվում է խոչընդոտել հումանիտար օգնության բաշխումը «ՀԱՄԱՍ»-ի կողմից, քանի որ, պաշտոնյաների պնդմամբ, այն արվում է վերահսկողությունը պահելու նպատակով։ Այդ պատճառով Իսրայելը ՄԱԿ-ին առաջարկել է հատուկ մեխանիզմ, որով օգնությունը պետք է բաշխվի մասնավոր պահնորդական ընկերությունների միջոցով։ ՄԱԿ-ը, սակայն, մերժել է մասնակցել այս ծրագրին՝ հայտարարելով, որ այն հակասում է հումանիտար սկզբունքներին։