2 ամյա տղայի պապիկը պատմել է՝ ինչպես է անհետացել երեխան. ArmLur
Արդեն 24 ժամ է, ինչ ԱԻՆ փրկարարները փնտրում են 2-ամյա Տիգրանին, որը երեկ, ըստ նախնական վարկածի, ընկել է Մարմարիկ գետը։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը նշված մեքենաների մոտ աշխատելիս են եղել, երբ երեխաներին ուղարկել են տուն, սակայն պարզ է դարձել, որ փոքրիկներից միայն մեկն է հասել տուն։ Այս մասին հայտնում է ArmLur-ը:
Վարկածը հետևյալն է, որ փոքրիկը մտել է տան բակ, ապա բակից անցնելով հարակից հողամասը, դուրս է եկել տան հետևի մասում գտնվող ճանապարհը, ապա ինչ-ինչ հանգամանքներում ընկել գետը։
Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 3-4 տարեկան քույրը ասել է, որ իր հետ չէ։ Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։
Հետաքրքիրն այն է, որ հարակից խանութի տեսախցիկները արձանագրել են տան շուրջ կատարվածը, սակայն ոչ մի կերպ տեսախցիկում չկա արձանագրված երեխայի գետն ընկնելու պահը։
Մինչ այժմ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ամբողջ գիշեր փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացրել Աղբյուրակի ջրամբարում՝ հայտնի Ծովինարում։ Այժմ 40-ից ավելի ջրասուզակ փնտրում է երեխային։ Որոնողական աշխատանքներում ներգրավված են նաև ՆԳՆ Պարեկային ծառայության աշխատակիցները, փրկարարները, երեխայի հարազատները և գյուղացիները։
Հիշեցնենք` երեկ՝ մայիսի 4-ին՝ առավոտյան ժամը 10:00-11:00 ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր տարածվեցին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։