
Որ դեպքում ՀՀ-ում կարող են վճարել կրիպտոակտիվներով. մանրամասներ

Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։
«Կարգավորման մոդելը չի նախատեսում ՀՀ տարածքում վճարումներ կատարելու նպատակով կրիպտոակտիվների օգտագործման հնարավորություն՝ բացառությամբ էլեկտրոնային փող համարվող կրիպտոակտիվների։ Այսինքն, մինչև սա՝ կար էլեկտրոնային դրամապանակ, ու միայն դրանցով կարող էին վճարումներ լինել։ Եթե էլեկտրոնային փող կլինի, որի տեխնոլոգիան կլինի կրիպտո՝ ապակենտրոնացված տեխնոլոգիա, ապա դա է միայն որպես վճարային միջոց ծառայելու։ Այլ դեպքում վճարային միջոց չի ծառայելու»,- հայտնել է նա:
Նուրբեկյանի խոսքով՝ բիթքոյնով վճարում կատարել չեն կարող, բայց եթե էլեկտրոնային դրամապանակ է, որի տակ ապակենտրոնացված տեխնոլոգիան է, այսինքն՝ փաստացի կրիպտոտեխնոլոգիան է, դրանով կարող են։
«Այսինքն՝ էլեկտրոնային փող պետք է լինի, որպեսզի վճարում կատարեք, բայց բիթքոյնով ՀՀ-ում չեք կարող տուն գնել, կամ մեքենա վաճառել, նաև չեք կարող փոխանակել, որպեսզի այդ մասը շրջանցեն։ ՀՀ-ում օրինական վճարման միջոցը ՀՀ դրամն է, և ոնց որ ամերիկյան դոլարով չեք կարող վճարել, այդպես էլ այլ միջոցով չեք կարող վճարել։ Փաստացի այն պահին, երբ վճարում եք, առաջին գործարքը լինում է փոխանակում, այսինքն՝ փոխում եք դրամի, հետո վճարում։ Միակ տարբերակը, որ ՀՀ-ում այդպես չէր՝ էլեկտրոնային փողի պարագան էր»,-մանրամասնել է ԿԲ փոխնախագահը։