
Ի՞նչ թռիչքներ է կատարել բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքում

Բրիտանական մասնավոր ընկերության ինքնաթիռը հերթականությամբ տեխնիկական թռիչքներ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի օդանավակայանների շուրջ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Մարտի վերջին Հայաստանի օդային տարածքում նկատվել էր (Flightradar24 կայքի միջոցով) Beech King Air 350i ինքնաթիռը, որը պտտվում էր Երևանի և Սիսիանի տարածքում:
«Ավելի ուշ ուշադրություն դարձրեցինք, որ ինքնաթիռը թռիչք է կատարել դեպի Թբիլիսի, այնտեղից ՝ Գյանջա (Գանձակ) և ավելի հարավ ՝ դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք, որտեղ նույնպես երկար ժամանակ պտտվել է օդում։ Ինքնաթիռը պատկանում է «Flight Precision» մասնավոր ընկերությանը, որը գտնվում է Բորնմութում (Մեծ Բրիտանիա)։
Ընկերության կայքում ասվում է, որ այն շահագործում է Beechcraft King Air 350i ինքնաթիռը՝ լիովին ինտեգրված թռիչքների ստուգման ավտոմատ համակարգով` Aerodata (AD-AFIS): Ընկերությունն ինքն է տրամադրում թռիչքների անվտանգության ստուգման ծառայություններ ամբողջ աշխարհում: Հաղորդվում է նաև, որ նրանք աշխատել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ոլորտներում Եվրոպայում, Աֆրիկայում, ԱՊՀ-ում, Մերձավոր Արևելքում և Հեռավոր Արևելքում»,– գրում է լրատվամիջոցը:
Sputnik Արմենիան Սիսիանի տարածքում ինքնաթիռի թռիչքների մասին տվյալներ խնդրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Քաղավիացիայից հայտնեցին, որ մարտ ամսվա ընթացքում «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության պատվերով անգլիական «Flight Precision Ltd» ընկերության կողմից «Beechcraft Corporation B300» օդանավով «Սիսիան» օդանավակայանում իրականացվել են նոր տեղադրված VOR/DME ռադիոնավիգացիոն միջոցի թռիչքափորձարկումներ»,– գրում է լրատվամիջոցը: