23 հայ գերիները խոշտանգվում ու ստորացվում են Բաքվում. Սիրանուշ Սահակյան

Այս ողջ ժամանակահատվածում որևէ խոշտանգումների կանխարգելման անկախ մեխանիզմ հնարավորություն չի ունեցել մուտք գործել, տեսակցել Բաքվում պահվող հայերին ու օբյեկտիվ դիտանկյունից արձանագրել պահման պայմանները, ֆիզիկական կամ հոգեբանական վիճակը: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկման ժամանակ ասաց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։


Նա նկատեց, որ միակ կառույցը, որի գործունությունն արդեն Բաքվում հայտնվել է սպառնալիքների ներքո, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է։


Կոմիտեի աշխատակիցները վեց շաբաթը մեկ պարբերականությամբ այցելում են գերիներին, սակայն այդ ժամկետները հաճախ փոփոխվում են նախատոնական օրերին, միջոցառումների կազմակերպման շրջանակում։


«Ադրբեջանը մշտապես օգտագործում է այդ գործոններն ու հետաձգում պլանավորված հերթական այցելութունները։ Կարմիր խաչի ներկայացուցիչներն արձանագրում են պայմանները, սակայն գրանցված խնդիրները հրապարակայնացման ենթակա չեն: Դրանց միայն հատվածական տեղեկությունն է, որ կարող է հասանելի լինեն ընտանիքի անդամներին։ Արձանագրված խնդիրները կոնֆիդենցալ ձևով փոխանցում են Ադրբեջանի իշխանություններին՝ ակնկալիքով, որ դրանք լուծում կստանան։ Այս առումով մեզ համար նկատելի տեղաշարժեր չկան:


Ինչ վերաբերում է ֆիզիկական, հոգեբանական բռնություններին, հայերի արժանապատվությունը վիրավորող, ստորացնող գործելակերպին, այս մասով մենք որեւէ տեղաշարժ չենք դիտարկում, ավելին որոշ զարգացումների ֆոնին կարող ենք տեսնել այդ դրսևորումների խստացում»,-նշել է իրավապաշտպանը։


Նա պնդեց, որ հայերն Ադրբեջանի բանտերում եղել են եւ շարունակում են պահվել անմարդկային պայմաններում ու ենթարկվում են այնպիսի ճնշումների, որոնք որակվում են որպես խոշտանգում իրենց ինտենսիվությամբ ու պատճառված ցավի բնույթը գնահատելով:


Իրավապաշտպանը նկատեց, որ Կարմիր խաչը դասական առումով չի համարվում խոշտանգումների կանխարգելման մարմին. «Խոշտանգումների կանխարգելման թույլատրելի մեխանիզմնեեր են դիտարկվում, օրինակ, փաստաբանները, անկախ բժիշկները, եւ այս մասով էլ որեւէ անկախ փաստաբան երբեւէ հնարավորություն չի ունեցել տեսակցելու որեւէ հայի: Բացառապես այցելություններից օգտվել են ադրբեջանցի փաստաբանները: Միջազգային փաստաբանների մուտքը մերժվել է: Մենք մի քանի փորձարկում ենք իրականացրել, օրինակ, մենք ենք դիմել՝ ներկայացնելով մեր ճանաչումը ՄԻԵԴ-ի կողմից, խնդրել ենք հնարավորություն տալ տեսակցել մեր վստահորդներին: Հասկանալի է, որ այդ հնարավորությունը չի տրվել»,-ասել է նա: