
Ինչպես կազդեն ԱՄՆ-ի մաքսատուրքերը ՀՀ-ի վրա. «Արմենպրես»

Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների համար ամերիկյան կառավարության սահմանած 10 տոկոս մաքսատուրքը տնտեսական լուրջ վնաս չի պատճառի երկրին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ նշելով, որ Հայաստանից ԱՄՆ արտահանման ծավալը շատ փոքր է ՀՀ տնտեսության վրա կրիտիկական ազդեցություն ունենալու համար:
Փոխարենը, ըստ մասնագետի, դա կարող է հանգեցնել ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի տնտեսական կապերի խորացմանը՝ հաշվի առնելով, որ այդ պետությունների հետ երկիրն առևտուր է իրականացնում առանց մաքսատուրքի:
Ստեղծված իրավիճակի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար կարևոր է ծանոթանալ Հայաստան-ԱՄՆ առևտրի հաշվեկշռի հիմնական ցուցանիշներին, որոնց ուշադրություն հրավիրեց Աղասի Թավադյանը:Հայաստանից ԱՄՆ արտահանումՄիացյալ Նահանգներ արտահանվող հայկական ապրանքների ծավալը տեսակարար մեծ կշիռ չունի Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռում: Մինչև 2020 թվականն այն կազմում էր մոտ 50 մլն դոլար: Հաջորդ երկու տարիներին ավելանալով՝ հասել էր մինչև 80 մլն դոլարի: Սակայն, 2023-2024 թվականներին գրեթե կրկնակի կրճատվել էր՝ հասնելով շուրջ 40 մլն դոլարի:
Հայաստանից ԱՄՆ արտահանման զգալի մասը՝ մոտ 20 տոկոսը, բաժին է հասնում ոսկուն և ադամանդին: Մոտ 15 տոկոս էլ լրացնում են ոգելից և ոչ ոգելից խմիչքները: Ավելի քիչ ծավալով արտահանվում են բանջարեղենային պահածոներ և կաթնամթերք: Տնտեսագետը նկատել է՝ արտահանվող ապրանքների ծավալից բացի, փոքր է նաև դրանց տեսականին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ում այդ ապրանքները հանգիստ կարող են փոխարինվել այլ երկրների արտադրանքով: Հայաստանի արտահանման ընդհանուր ցուցանիշում դեպի ԱՄՆ արտահանումը 2021 թվականին կազմել է մոտ 2.5 տոկոս: Սակայն, նշեց տնտեսագետը, պետք է հաշվի առնել, որ վերջին շրջանում արձանագրվել է վերաարտահանման բավականին մեծ աճ, որ հիմա կազմում է Հայաստանի արտահանման մոտավորապես 75 տոկոսը:
«Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կարող ենք արձանագրել, որ ներկայում Հայաստանի զուտ արտահանման մոտ 1.5-2 տոկոսն է ուղղվում ԱՄՆ»,- ասել է Աղասի Թավադյանը:
Մինչև 2021 թվականն այն մոտավորապես 20-60 տոկոսով գերազանցում էր արտահանման ծավալը՝ կազմելով շուրջ 100 մլն դոլար: Հաջորդ երկու տարիներին կտրուկ աճեց՝ 2023-ին հասնելով մոտ 550 մլն դոլարի: Մեր զրուցակցի խոսքով, դա հիմնականում պայմանավորված էր Հյուսիսային Ամերիկայից ավտոմեքենաների վերաարտահանման աճով: Այսինքն, Հայաստանը ԱՄՆ-ից ներմուծում էր մեքենաներ, որոնք վերաարտահանում էր Ռուսաստան: Սակայն, 2023-ին Ռուսաստանի կառավարությունը սահմանեց, որ մեկ ֆիզիկական անձը մեկ տարվա ընթացքում կարող է միայն 1 ավտոմեքենա ներմուծել և վաճառել այդ երկրում: Դրանով ռուսական կողմը փորձում է նպաստել երկրում ավտոարդյունաբերության զարգացմանը: Ավելի ուշ Հայաստանից ավտոմեքենաների արտահանման նկատմամբ մաքսատուրք սահմանեց նաև Վրաստանը: Արդյունքում, մեր երկրից ավտոմեքենաների վերաարտահանումը սահմանափակվեց և կտրուկ նվազեց նաև ԱՄՆ-ից ներմուծման ծավալը:
Աղասի Թավադյանն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը մաքսատուրք չի սահմանել քիչ թվով երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ, որոնց թվում են Ռուսաստանը և Բելառուսը: Մաքսատուրքը հիմնականում սահմանվել է հետևյալ տրամաբանությամբ. ԱՄՆ իշխանությունները պարզապես 2-ի են բաժանել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ տվյալ երկրի կամ միավորման սահմանած մաքսատուրքի ցուցանիշը: Օրինակ, Եվրամիությունը 39 տոկոսի միջինացված մաքսատուրք է կիրառում ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ: Մինչև վերջերս ԵՄ երկրները զրոյական մաքսատուրքով էին իրենց ապրանքները ներմուծում ԱՄՆ, իսկ հիմա դա անելու են 20 տոկոս մաքսատուրքով: Վիետնամն ամերիկյան ապրանքների նկատմամբ սահմանել է 95 տոկոս մաքսատուրք, որին ի պատասխան ԱՄՆ-ը սահմանել է 42 տոկոսի մաքսատուրք: Ամերիկյան մաքսատուրքերի ամենացածր շեմը 10 տոկոսն է, որի միջակայքում հայտնված երկրների թվում է նաև Հայաստանը: Աղասի Թավադյանը գտնում է, որ սա մեծ հարված է հասցնելու ԵՄ տնտեսությանը, որը մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ի տնտեսությունից:
Այս որոշումն, ըստ տնտեսագետի, կունենա քաղաքական մեծ ազդեցություն: Նա նշել է, որ ներկայում ԱՄՆ-ի կառավարությունը փոխել է իր գործելաոճը: Եթե Միացյալ Նահանգների նախկին կառավարությունները գլոբալիստական միակենտրոն քաղաքականություն էին վարում, ապա այժմ անցում է կատարվել մուլտիպոլյար տարածքային քաղաքականությանը:
«Այսինքն, ԱՄՆ-ին հիմա ավելի շատ հետաքրքրում են անմիջական հարևանությամբ գտնվող շրջանները և երկրները՝ Գրենլանդիան, Պանաման, Կանադան, քան այլ պետությունները և, նույնիսկ, Եվրամիությունը: Սա փոփոխություններ է առաջացնելու համաշխարհային տնտեսությունում: Օրինակ, նվազելու է Առևտրի միջազգային կազմակերպության դերը, որը կառավարում էր անմաքս առևտուրը աշխարհում: Կրճատվելու են նաև գլոբալիստական միտումները՝ իրենց տեղն ավելի շատ զիջելով ազգայնական միտումներին: Սա ազդակ է, որ աշխարհն արդեն ոչ թե միաբևեռ, այլ բազմաբևեռ է»,- նշել է Աղասի Թավադյանը:
Հայաստանից ԱՄՆ ապրանքների արտահանումը շատ չի տուժի, քանի որ արտահանման ծավալը մեծ չէ: Այսինքն, Հայաստանի տնտեսությանն ազդեցությունը մեծ չի լինի: Փոխարենը, սա որոշակի ազդակ կլինի, որպեսզի Հայաստանի տնտեսվարողները ստիպված լինեն ավելի խորացնել տնտեսական հարաբերությունները ԵԱՏՄ անդամ երկրների հետ, որոնց հետ մեր երկիրը որպես այդ միության անդամ իրականացնում է առանց մաքսատուրքերի առևտուր: Վերջին հինգ տարիներին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 5 անգամ, իսկ դեպի Եվրամիություն կրճատվել է մոտ 10 տոկոսով: Այդ առումով Աղասի Թավադյանը կարևորեց նաև այլ երկրների հետ Հայաստանի առևտրի ծավալների ու աշխարհագրության ընդլայնումը: