Զորականում ծեծի ենթարկված դեռահասի հայրը մեկնաբանել է պատահարը
Զորական համայնքից, Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղայի հայրը խիստ վրդովված է համացանցում տարածվող տեսանյութից, որտեղ իր որդուն ծեծի են ենթարկում համայնքի և հարակից գյուղի մի քանի դեռահասներ։
«Ես Ալենի հայրն եմ, և ինձ հաճելի չէ, որ այսպես տարածում եք տեսանյութը, էլ չեմ ասում՝ տակի մեկնաբանությունների մասին։ Դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք իրենց աշխատանքը նորմալ կատարում են։ Ուղղակի դիմում եմ ձեզ՝ դադարեցրեք այս աղմուկը և ջնջեք տարածված տեսանյութը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է հայրը:
Նրա խոսքով՝ որևէ ծնողի համար հաճելի չի լինի նման տեսանյութ տեսնել, հատկապես երբ խոսքը սեփական երեխայի մասին է։
«Եթե ձեր երեխայի հետ նման բան պատահի ու հրապարակեն, դուք ի՞նչ կանեք»,- ընդգծել է նա։
Տղայի հայրը նշել է, որ ծնողները և երեխաները այժմ իրար հետ նորմալ հարաբերություններ ունեն։
«Մենք գյուղացի մարդիկ ենք, մի կտոր հաց միասին կիսող մարդիկ ենք, մեր հարցերը կարող ենք ներքին համաձայնությամբ լուծել», -ասաց նա։





























