Դա լավ գաղափար չէ. Պապոյանը խոսել է էլեկտրամոբիլների քվոտայի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանի հարցին՝ հայտարարեց, որ դեմ է, էլեկտրամոբիլների համար դիլերական կազմակերպություններին տրված քվոտաները տեղաբաշխվեն անհատ ներմուծողների միջև, որոնց քվոտան վերջացել է։


Հիշեցնենք՝ 2025 թվականին Հայաստանին հատկացվել է 8000 քվոտա՝, որից 5000-ը հատկացվեց քաղաքացիներին, 3000-ը` դիլերներին։


Պապոյանն ընդգծել է, որ 2024 թ. տարեվերջին շատ հստակ խաղի կանոններ են սահմանվել դիլերների և անհատ ներմուծողների համար, և քվոտաների մեծ մասը տրվել է անհատներին, որը սպառվել են։


«Ճիշտ է, կազմակերպությունների քվոտան դեռ չի սպառվել, սակայն նրանք պայմանագրեր են կնքել իրենց քվոտաների զգալի մասով ՀՀ այլ քաղաքացիների հետ, որոնց համար պետք է մեքենաներ ներմուծեն։ Հետևաբար, ես կարծում եմ, որ խաղի կանոնները փոխելը խաղակեսին դա լավ ու ճիշտ գաղափար չէ, գործարար միջավայրրի համար շատ վնասակար երևույթ է։ Մենք կարծում ենք, որ մեր այս դիրքորշմանը պետք է մնանք մինչև վերջ»,- ասել է նա:



Քաղաքականություն