Ավելի քան 590 զոհ և 1000-ից ավելի վիրավոր Գազայում՝ 3 օրվա ընթացքում

Գազայի հատվածում երեքշաբթի օրվանից սկսված իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 590-ը, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է, հաղորդում է Գազայի կառավարության լրատվական ծառայությունը։


«2025 թվականի մարտի 18-ի լուսաբացից մինչև այս պահը իսրայելական օկուպացիոն բանակը տասնյակ ջարդեր է իրականացրել Գազայի հատվածի տարբեր շրջաններում... Արդյունքում 591 պաղեստինցի է զոհվել և 1042-ը վիրավորվել», - ասվում է լրատվամիջոցի հաղորդագրության մեջ։


Երեքշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հարձակումները շարունակվում են, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատելու ԱՄՆ-ի ծրագիրը: Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իզզաթ ալ-Ռիշքն ասել է, որ Նեթանյահուի որոշումը՝ վերադառնալ պատերազմի, նշանակում է մահապատիժ Գազայի հատվածում իսրայելցի պատանդների համար:


Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն մարտերը չեն վերսկսվել միջնորդների փորձերի պատճառով՝ կողմերին ներգրավելու Գազայի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Սակայն Իսրայելը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատվածի աղազերծման կայանին և փակել մարդասիրական օգնության մեքենաների մուտքը Գազայի հատված։

Քաղաքականություն