Ադրբեջանը ՌԴ-ի պահանջը չի բավարարել

ՌԴ Քննչական կոմիտեի կողմից որպես մեղադրյալ ճանաչված, միջազգային հետախուզման մեջ գտնվող և Ադրբեջանում ձերբակալված, Կրասնոդարի երկրամասային դատարանի նախկին դատավոր Ելենա Խախալևայի արտահանձնման ՌԴ-ի պահանջը չի բավարարվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Շախլա Գումբատովան։


«Նրան արտահանձնելու մասին հայցը դատարանը չի բավարարել։ Ելենա Խախալևայի արտահանձնումը Ռուսաստանին մերժվել է», -  ասել է նախկին դատավորի փաստաբան Շախլա Գումբատովան։


Հիշեցնենք՝ Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվող նախկին դատավոր Ելենա Խախալևան ձերբակալվել էր հունվարին Ադրբեջանի ՆԳՆ օդային տրանսպորտի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից՝ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։ Հունվարի 24-ին դատարանը Խախալևայի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել 40 օր ժամկետով կալանքը։ Խափանման միջոցն ընտրվել է հանձնման հետ կապված օրինական ընթացակարգեր իրականացնելու նպատակով։ Ռուսական կողմը Խախալևայի նկատմամբ հետախուզում է հայտարարել խարդախության և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով, իսկ Դոնի Ռոստովի դատարանը հեռակա կալանքի որոշում է կայացրել։


Ռուսաստանի համապատասխան մարմիններին դիմում էր ներկայացվել նրա արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու մասին։ Ըստ քննիչների՝ նա խաբեությամբ յուրացրել է մոտ 1,2 մլն ռուբլի, ինչպես նաև կեղծել է աշխատանքային ժամերին վերաբերող փաստաթղթեր։ ՌԴ Քննչական կոմիտեն Խախալևայի ձերբակալության մասին որոշում է կայացրել և նրա նկատմամբ հետախուզում հայտարարել 2022 թվականի մայիսի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել խարդախության և պաշտոնեական կեղծիքի համար։ Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է Ելենա Խախալևայի բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Դատարանի փետրվարի 4-ի որոշմամբ՝ որոշում է կայացվել խափանման միջոցը փոխելու մասին, ընտրվել է ոստիկանության հսկողություն սահմանելու տարբերակը։