
Ինչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը և հայ գործարարներին. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․
«Հարևան Վրաստանը մեծացնում է դեպի Ռուսաստան իր արտահանումների ծավալները։
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 3-ը Վրաստանից կարտոֆիլի արտահանումն աճել է գրեթե 30 անգամ, և հիմնական գնորդը Ռուսաստանն է (14 հազար տոննա)։ Ընդհանուր առմամբ, այս ընթացքում երկիրը վաճառել է 27,5 հազար տոննա կարտոֆիլ՝ 8 միլիոն դոլարով։ Բացի ՌԴ-ից վրացական կարտոֆիլի հիմնական ներմուծողներն են նաև Ադրբեջանը (10,5 հազար տոննա) և Հայաստանը (2,2 հազար տոննա)։
Իսկ խնձորի արտահանումն աճել է 6 անգամ, և դրա 99%-ը վաճառվել է Ռուսաստան։ 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի մարտի 3-ը Վրաստանը վաճառել է 12,9 հազար տոննա խնձոր՝ 8,2 միլիոն դոլարով»,– գրում է Մարուքյանը։
Նա նկատում է, որ ոչ մի ողջամիտ վրացի փորձագետ կամ քաղաքական գործիչ չի պնդում, թե «այս ապրանքները չպետք է արտահանվեն Ռուսաստան, քանի որ դրանով Վրաստանը կախվածության մեջ կընկնի։ Դա ոչ միայն հակատնտեսական է, այլև հակատրամաբանական։
Մինչդեռ մեր երկրում ամեն օր քննարկումներ են ծավալվում այն մասին, թե ինչպես նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից»։
«Ի՞նչ անել և ո՞ւր արտահանել հայկական արտադրանքը, որպեսզի հնարավորինս քիչ բան, իսկ իդեալական տարբերակով՝ ընդհանրապես ոչինչ չգնա Ռուսաստան։
Սրա մասին խոսացողները չեն անդրադառնում հնարավոր հետևանքներին, այն խնդիրներին, որոնց առջև կանգնելու է Հայաստանի տնտեսությունը և հայ գործարարները։
Տնտեսական առումով ծանր տարի է սպասվում, իսկ մեր իշխանություններն ու «փորձանքագիտական» համայնքը փորձում են քանդել անգամ եղածը»,– գրել է նա։