
Ինչո՞ւ է փակվել Վարդենիս համայնքի դիահերձարանը. պատասխանում է Անահիտ Ավանեսյանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում հետաքրքվեց, թե ինչո՞ւ է փակվել Վարդենիս համայնքի պաթանատոմիական լաբորատորիան:
«Տարբեր ձևաչափերով պարբերաբար քննարկվում է Առողջապահության ոլորտի բարեփոխումները։ Դրան զուգահեռ այս ոլորտի բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։ Ավելին՝ եղածին ավելանում են նորերը։Մարզային նախորդ այցելությունս Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում էր։ Բնակիչների հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնեցին Վարդենիսի պաթանատոմիական լաբորատորիայի, ժողովրդի լեզվով ասած՝ դիահերձարանի գործունեության դադարեցման հարցը, որը տեղի է ունեցել օպտիմալացման քողի տակ։ Այս խնդիրն էական նշանակություն ունի համայնքի բնակչության՝ բուժծառայությունների հասանելիության նվազման տեսանկյունից։ Առաջացնում է էական դժվարություններ և լրացուցիչ ծախսեր՝ ծառայությունից օգտվելու համար։ Այն վերաբերվում է համայնքի շուրջ 40 հազար բնակիչներին, որոնց մեծ մասը բնակվում են նույնիսկ Վարդենիս քաղաքից տասնյակ կմ հեռավորության վրա։ Համայնքում կան բնակավայրեր, որտեղից մինչև մոտակա դիահերձարան 70 կմ է։ Հիմա, ի՞նչ հիմնավորմամբ է համայնքի դիահերձարանը փակվել, կա արդյո՞ք ժամանակացույց դիահերձարանի վերագործարկման համար»,- բարձրաձայնեց պատգամավորը։
Ի պատասխան Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այսօր Վարդենիսի բժշկական կենտրոնը վերանորոգման ընթացքի մեջ է։
«Մենք այս որոշումը կայացրել ենք՝ ընդառաջ գնալով բնակչությանը։ Մենք լուծում ենք Վարդենիսի ԲԿ-ում բավարար պայմաններ ունենալու հարցը։ Անդրադառնալով Ձեր հարցին, ասեմ, որ Վարդենիսի, Մեղրիի և մյուս համայնքների համար, երբ դիահերձարանը մոտ չէ, ապա պետությունը փոխհատուցում է տեփոխման հետ կապված ծախսերը։ Լուծումը գտել ենք»,- ասաց Ավանեսյանը։