
Թրամփը կանգնեցրել է Ուկրաինա զենքի բոլոր մատակարարումները. Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական ողջ օգնությունը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը այնքան ժամանակ, քանի դեռ Կիևը չի ցուցաբերում բարեխիղճ հավատարմություն խաղաղությանը։
Աղբյուրը նշում է, որ Թրամփը հրամայել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին դադարեցնել զենքի վաճառքը։
Պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ի ողջ ռազմական տեխնիկայի՝ այս պահին տեղի ունեցող մատակարարումը կկանգնեցվի, ներառյալ Լեհաստանի տարանցիկ գոտիներում սպասող զենքերը:
The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Ուկրաինա զենքի նոր մատակարարումների ֆինանսավորումը և քննարկում է ԱՄՆ-ի պաշարներից զենքի մատակարարումները սառեցնելու հարցը:
Հրատարակությունն ընդգծում է, որ ԱՄՆ-ի սահմանափակումների պատճառով Ուկրաինան կարող է զրկվել ժամանակակից զենքերից՝ ներառյալ առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերից, «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռներից, ուղղորդման համակարգերից և հեռահար հրթիռային հրետանու հասանելիությունից:
Նշվում է, որ Ուկրաինային զենքի մատակարարման հիմնական ալիքը հնարավոր փակելու մասին որոշումը կայացվել է Սպիտակ տանը Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աղմկահարույց հանդիպումից մի քանի օր անց։
Թրամփն ու Զելենսկին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տարաձայնություններ են ունեցել ուկրաինական կարգավորման շուրջ։ Արդյունքում նրանց խոսակցությունն ընթացել է բարձր տոնով։
«Ամենաշատը մեզ բոլորիս Օվալաձև աշխատասենյակում զարմացրեց այն, որ պարզ չէր, թե արդյոք Զելենսկին կմասնակցի բանակցություններին,և թե արդյոք նա կիսում է պատերազմը դադարեցնելու մեր նպատակը», - CNN-ին ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում ասել էր, որ Զելենսկիին կրկին կընդունի միայն այն ժամանակ, երբ նա պատրաստ լինի բանակցությունների՝ հակամարտությունը դադարեցնելու համար։